05/10/2016 12:58
Քաշքշուկ է եղել, ոչ թե ծեծկռտուք. Բիշարյանը՝ Վանաձորում տեղի ունեցած դեպքի մասին
Նախօրեին Վանաձորում ընդամենը քաշքշուկ է եղել, ոչ թե ծեծկռտուք, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Մենք մեր հայտարարությունը արել ենք, որ եղել են քաշքշուկներ, որ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչը իր հավատացյալների խմբին ընտրակաշառք է բաժանել, դրա հետ կապված է եղել», - նշեց Հեղինե Բիշարյանը:
Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր, թե «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանիում ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը (Ական) դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին։
Դիտարկմանը՝ ըստ լուրերի՝ ծեծն այն պատճառով է եղել, որ տուժածը ընտրություններին չի քվեարկել նրա օգտին, Բիշարյանն արձագանքեց. «Դե հիմա դուք ամեն մեկդ մի բան կշահարկեք, ժամանակ էլ չունեմ, բայց մեր պատասխանը հստակ դրված է»:
Անդրադառնալով նրան, թե իրենց թեկնածուն հարբած է եղել, նույնիսկ թմրադեղերի ազդեցության տակ է եղել, պատգամավորն արձագանքեց, թե դրանք ուռճացվում են:
«Դուք քանի որ 4-րդ իշխանություն եք ու քաղաքականության հետ առնչվող մարդիկ եք, հստակ պետք է նայեք, որ քաղաքական պրոցեսներ են ու այս պահին ինչո՞ւ է տեղի ունեցել նման բան, ո՞ւմ է պետք, քաշքշուկի արդյունքում ինչո՞ւ է այդքան լուրը ուռճացվում, ո՞ւմ է ձեռնտու և ինչո՞ւ են այդպես անում, եկեք այստեղից խոսենք, հետո նոր խոսենք մնացած բաների մասին», - ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավարը: