26/10/2016 15:06
Գիշերային հրդեհները ոչնչացրել են Կալեի «Ջունգլի» հայտնի ճամբարի մի մասը
Հրդեհները ոչնչացրել են Կալեի մերձակայքում անօրինական միգրանտների՝ «Ջունգլի» անվանումով հայտնի ճամբարի մի մասն այն պայմաններում, երբ Ֆրանսիայի իշխանությունները շարունակում են վրանների ապամոնտաժումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Բենզինով լի առնվազն մի տարա է պայթել, ինչի հետևանքով տուժել է միգրանտներից մեկը:
Ճամբարի ապամոնտաժման գործողությունը հիմնականում հանգիստ է ընթանում, սակայն երկյուղներ կան, որ փախստականների մի մասն այդպես էլ չի հրաժարվի Մեծ Բրիտանիա անօրինական տեղափոխվելու գաղափարից:
BBC-ի թղթակիցը հայտնում է, որ գիշերը հիմնական փողոցում բռնկվել է միգրանտների մի քանի կացարան, որոնք ամբողջովին այրվել են: Դա կարող էր լինել այն միգրանտների անհնազանդության վերջին դրսևորումը, որոնք չէին ցանկանում հեռանալ Կալեից և չէին ցանկանում, որ իշխանությունները ապամոնտաժեն իրենց բնակատեղին: