28/10/2016 16:13
ՔԿՎ-ն անդրադարձել է «Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի ոտքի գույնը փոխվելու մասին հրապարակմանը
Հայաստանի ԱՆ Քրեակատարողական վարչությունն անդրադարձել է «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբանի հայտարարությանը, թե իր պաշտպանյալի վիրավոր ոտքի գույնը սկսել է փոփոխվել:
ՔԿՎ-ից հայտնում են, որ օգոստոսի 12-ին «Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգ Է․ Վարդանյանի կողմից կատարվել է կոնսուլտացիա և նշանակվել է համապատասխան բուժման կուրս:
«Մինչև օգոստոսի 22-ը աջ ստորին վերջույթը գտնվել է կմախքային ձգման տակ: Օգոստոսի 22-ին վնասվածքաբանների կողմից հեռացվել է ձգումը և դրվել է գիպսային վիրակապ: Օգոստոսի 23-ին կատարվել է վերջույթի ռենտգենոգրաֆիկ հետազոտություն: Զուգահեռաբար հիվանդը ստացել է նաև պլանային համապատասխան բուժում՝ հակաբիոտիկներ, հակաբակտերիալ դեղեր, անալգետիկներ», - ասված է պարզաբանման մեջ:
Ըստ հայտարարության՝ բացի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի և «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկներից, որոնք նշել էին, որ Հովհաննես Հարությունյանը տվյալ պահին վիրահատության կարիք չունի, նույնը պնդել են նաև հենց իր` կալանավորի կողմից օգոստոսի 24-ին հրավիրված բժիշկը և սեպտեմբերի 6-ին իրեն զննած, կրկին իր կողմից հրավիրված վնասվածքաբանը:
«Սեպտեմբերի 8-ին Հովհաննես Հարությունյանը պլանային կարգով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ և, ըստ բժշկական կոնսիլիումի, որոշվել է շարունակել կոնսերվատիվ բուժումը՝ ծնկահոդի ֆիքսատորով անշարժացում ևս չորս շաբաթ՝ հաշվի առնելով ոսկրաբեկորների բավարար դիրքը և սերտաճման աստիճանը: Սեպտեմբերի 12-ին Հովհաննես Հարությունյանը դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ-ից և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ:
Հոկտեմբերի 6-ին «Էրեբունի» ԲԿ-ի վնասվածքաբանների կողմից առաջարկվել է կրկնակի ռենտգենոգրաֆիկ հետազոտություն, որը կատարել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վնասվածքաբանը: Տրվել են համապատասխան խորհուրդներ, այդ թվում` շարունակել դինամիկ հսկողությունը:
Առաջիկա օրերին նախատեսվում է «Էրեբունի» ԲԿ-ի կողմից ռեաբիլիտոլոգի խորհրդատվություն»,-նշել են Քրեակատարողական վարչությունից՝ ընդգծելով, որ հիվանդը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ, ապահովված է անհրաժեշտ խնամքով, որը իրականացվում է հիմնարկի համապատասխան անձնակազմի կողմից:
Նշենք, որ երեկ Հովհաննես Հարությույնաի փաստաբանն Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, որ «3 ամիս է անցել, ինչ Հովհաննես Հարությունյանը ստացել է աջ ոտքի հրազենային վիրավորում, սակայն մինչ օրս չի վիրահատվել: Նա ունի բարդ բուժելի վնասվածք, իսկ դրա բուժման հետ կապված համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում»:
Փաստաբանն Aysor.am-ին փոխանցել էր, որ նրա վիրավոր ոտքը գույնը փոխել է. «Տեսակցության ժամանակ նկատել եմ, որ նրա վիրավոր ոտքի գույնը մգանում է, ինչն ինձ շատ է մտահոգում»: