11/11/2016 19:56
Ադրբեջանին պետք է հասկացնել, որ կարող են որոշել միայն պատերազմ սկսելու օրը, ավարտի օրը կորոշեն հայկական զինված ուժերը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Խնդիրն այն չէ, որ ադրբեջանական կողմն անընդհատ լարում է իրավիճակը սահմանում, առավել անհանգստացնողն այն է, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը զսպելու միջազգային մեխանիզմներ չկան, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Վաղը Ադրբեջանում սկսվելու են խոշոր զորավարժություններ։ Ապրիլյան իրադարձություններից հետո Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածություն է ձեք բերվել տեղեկացնել միմյանց նման դեպքերում։ Պաշտոնական Բաքուն արդեն իսկ խախտել է այդ պայմանը, իսկ այսօր էլ ինտենսիվ արկակոծության է ենթարկել Արցախի մարտական դիրքերը։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ալիևի վարչակազմը շարունակում է պատրաստվել պատերազմի, իսկ միջազգային հանրությունը՝ առաջին հերթին միջնորդ երկրները, չեն կարող զսպել նրա ռազմատենչ ցանկությունները», - ասաց քաղաքագետը։
Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահ է, որ հայկական պետությունների դեմ ռազմական գործողություններ սանձարձակելու միջոցով Ադրբեջանը չի կարող որևէ լուրջ հաջողության հասնել։
«Բաքվում դա հիանալի հասկանում են։ Բայց այնտեղ նաև կարծիք կա, որ իրենք կարող են վերահսկել լարվածության աստիճանը սահմանում։ Այսինքն՝ կարծում են, թե կարող են ամեն պահ իրավիճակ սրել և նույն հաջողությամբ էլ ետ կանգնել։ Ցավոք, մենք ինքներս ենք նրանց այդպես մտածելու հնարավորություն տվել։ Եվ հիմա, եթե հանկարծ Ադրբեջանի իշխանությունները որոշեն նորից լարվածություն առաջացնել սահմանում, պետք կլինի հասկացնել, որ այսուհետև իրենք կարող են որոշել միայն պատերազմ սկսելու օրը։ Իսկ ահա ավարտի օրն արդեն կորոշեն հայկական զինված ուժերը», - ընդգծեց նա:
Քաղաքագետը նաև կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի ներկայիս գործողություններն առաջնագծում առավելապես պայմանավորված են այն հանգամանքով, որ զորավարժությունների պատրվակով մեծաթիվ զորք են կուտակվել Արցախի հետ սահմանին հարող տարածքներում։