11/11/2016 12:08
Մարդու իրավունքների կոմիտեն փաստել է Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրականության դրսևորումները
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների և խտրականության դրսևորումների վերաբերյալ: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ չորրորդ պարբերական զեկույցի եզրափակիչ դիտարկման մեջ:
«Կոմիտեն մտահոգված է Ադրբեջանում հայ փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունների եւ խտրականության դրսևորման հաղորդումների կապակցությամբ, ինչպես նաև այդ անձանց կողմից` սեփական հայկական ինքնությունը ճանաչելու դժկամությամբ: Մեզ անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, որ հայկական ազգանուն ունեցող օտարերկրացիներին, անկախ նրանց քաղաքացիությունից, չի թույլատրվում մուտք գործել Ադրբեջան», - ասված է կոմիտեի դիտարկման մեջ:
Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու և պայքարելու հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների դեմ: Պաշտոնական Բաքվին հորդորել են նաև կամայական և խտրական հիմքերով չարգելել հայկական ազգանուն ունեցող անձանց մուտքը Ադրբեջան:
Եզրափակիչ դիտարկման մեջ կոմիտեն մտահոգություն է հայտնել նաև Ադրբեջանում լրագրողների, ակտիվիստների նկատմամբ հարձակումների, խոսքի ազատության, խաղաղ հավաքների անցկացման սահմանափակումների կապակցությամբ: