12/11/2016 14:40
Եթե ընդդիմադիր կուսակցությունները չմիավորվեն՝ 2017-ին ջախջախիչ պարտություն կկրեն. Լյուդմիլա Սարգսյան
Վերակազմյալ սոցիալ-դեմկրատական կուսակցությունում դեռ չեն քննարկել՝ ինչ ձևաչափով են մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:
Կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանն Aysor.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հնարավոր է արձագանքեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կոչին և ընտրություններից առաջ հանդես գան դաշինքով, ասաց. «Ըստ էության, այսօր այլընտրանք էլ չկա, կոնկրետ նպատակի շուրջ պետք է համախմբվեն քաղաքական ուժերը, որովհետև աշխարհաքաղաքական ուղղվածության կամ գաղափարների շուրջ այդ միավորումն ուղղակի անհնար է: Հետևաբար, կոնկրետ նպատակ պետք է լինի 2017 թվականի ընտրություններ, և անկախ նրանից, թե ինչ ճակատագիր կունենա այդ ձևաչափը, միևնույն է, այլընտրանք չկա, ընդդիմադիր քաղաքթական ուժերը պետք է միավորվեն, որպեսզի կարողանան ռեալ այլընտրանք ներկայանալ իշխանությանը»:
Հակառակ դեպքում, ըստ Լյուդմիլա Սարգսյանի, ընդդիմությունը ջախջախիչ պարտություն կկրի, հետևաբար, միավորմանն այլընտրանք գոյություն չունի:
Թե ինչ կազմով կլինի ընդդիմադիր կուսակցությունների միավորումը, դա էլ, Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ տեսանելի կլինի դեկտեմբեր-հունվար ամիսներին:
Հարցին, թե ինչպես են պատկերացնում կուսակցությունների միավորումը, արդյոք ընտրացուցակներում ռեյտինգային տեղերի վերաբերյալ տարաձայնություններ չեն լինի, Լ. Սարգսյանը պատասխանեց. «Դրանք շատ լուրջ հարցեր են, որոնք երբեմն հենց խանգարում են ռեալ բևեռ ձևավորելու գործընթացին: Առայժմ խոսակցություններ են միայն, թե ինչ ձևաչափ կարելի է մշակել: Երբ արդեն կոնկրետ ցուցակների ձևավորումը կսկսի, այդտեղ խնդիրներից չենք կարող խուսափել»:
Այդուհանդերձ, կուսակցության նախագահի խոսքով, ամենակարևորն այն է, թե բոլորն են գիտակցում, որ միավորման դեպքում ընդդիմությունը հնարավորություն ունի ընտրական գործընթացի արդյունքում իշխանափոխություն իրականացնել:
Դա էլ, ըստ նրա, ժամանակի խնդիր է. «Միգուցե 2017 թվականին չհաջողվի, բայց դա հնարավորություն է, որը պետք է ընդդիմությունը զարգացնի: Համախմբում հնարավոր է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի առաջարկի շուրջ, ինչքան գիտեմ՝ Պարույր Հայրիկյանն էլ է առաջարկել համախմբվել, ՀԱԿ-ն էլ առաջարկել»:
Դիտարկմանը, թե հնարավոր է, որ համախմբումը լինի ՀԱԿ-ի ու Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագրի» միջև, Լյուդմիլա Սարգսյանն արձագանքեց. «Համարյա թե անհնար եմ համարում, բայց՝ երբեք մի ասա երբեք: Կան քաղաքական շահեր, կա կոնկրետ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների մասնակցության խնդիր, և ես երբեք ոչինչ չեմ բացառում, բայց կյանքը ցույց է տվել, որ շատ քաղաքական ուժեր չեն կարող համագործակցել նույնիսկ 2017 թվականին ընդառաջ»:
Լյուդմիլա Սարգսյանն ասաց, թե «Հայ ազգային կոնգրես» դաշինքը ձևավորվելիս բոլորովին այլ միավոր էր, և այժմ, 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր չի համարում նույնքան կուսակցությունների համախմբումը:
«Անիմաստ էլ է: Կարծում եմ, որ պետք է միավորվեն այն քաղաքական ուժերը, որոնք ռեալ հնարավորություն ունեն, ունեն մարդկային և ֆինանսական պոտենցիալ: Պալատային կուսակցությունները պետք է ինչ-որ չափով բացառվեն նման դաշինքներից:
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համաժողովին վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում են ավելի ինտենսիվ փնտրել և գտնել ուժեր, անհատներ, կառույցներ՝ մեկ ընդհանուր կուսակցություն դառնալու համար: