14/11/2016 16:19
Զինվորներին այսուհետ ծխախոտի փոխարեն գումարը կտան. Վիգեն Սարգսյան
Ժամկետային զինծառայողներին տրվող անվճար ծխախոտի փոխարեն այսուհետ գումար կհատկացվի, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Պաշտպանության նախարարությունը երկար տարիներ ծխախոտ էր գնում պայմանագրային զինծառայողների համար: Յուրաքանչյուր օր մարտական հերթապահություն իրականացնելիս մի տուփ նույն ծխախոտից էր տրվում», - ասաց Վ. Սարգսյանը:
Նա նշեց, որ այս թեմայով երկար քննարկում ու խորհրդակցություն են ունեցել հրամանատարների հետ:
«Երկար քննարկումներ ունեցանք, նաև խորհրդակցեցինք հրամանատարների հետ, ովքեր ամեն օր անմիջական շփում ունեն զինվորների հետ, և մենք որոշեցինք՝ այդ գումարը փոխհատուցել դրամական տեսքով, որովհետև կան չծխող զինվորներ, կան մարդիկ, ովքեր դրա փոխարեն ուրիշ բան կցանկանան գնել, կան մարդիկ, ովքեր այլ ծխատոտ են գնում», - ընդգծեց Պաշտպանության նախարարը: