30/11/2016 14:06
Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի համաձայնագիրը
Ռուսաստանի և Հայաստանի ռազմական գերատեսչությունները ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագիրը: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, հայտնում է ТАСС-ը:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել և հանձնարարել էր Հայաստանի հետ ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագրի նախագիծը, որը «համարժեք հակազդում կապահովի զինված հարձակմանը, ինչպես նաև կողմերի անվտանգության մյուս մարտահրավերներին ու սպառնալիքներին»:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ զորախումբը կներառի Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ:
Երկու երկրների պաշտապանության նախարարները նաև ստորագրել են 2017 թվականի համագործակցության պլանը: