01/12/2016 16:39
FT-ն գաղտնազերծել է Ռուսաստանի և սիրիական ընդդիմության գաղտնի բանակցությունները
Սիրիական ընդդիմության առաջնորդները գաղտնի բանակցություններ են վարել Մոսկվայում, որպեսզի վերջ դնեն Հալեպում մարտական գործողություններին, հայտնում է RBC.ru-ն՝ հղում անելով Financial Times-ին։
Սիրիայի հյուսիսում գործող ընդդիմության չորս անդամներ հաղորդել են, որ Թուրքիան միջնորդ է հանդիսացել ՌԴ-ի հետ բանակցություններում։ Ընդդիմադիրների խոսքով՝ իրադարձությունների նման զարգացումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը երկրորդ պլան է մղվում Մերձավոր Արևելքում։
«Ռուսաստանը և Թուրքիան այժմ բանակցություններ են վարում առանց ԱՄՆ-ի, որը կտրված է այդ իրադարձությունից և ոչ մի պատկերացում չունի, թե ինչ է տեղի ունենում Անկարայում», - հաղորդել է պարբերականի աղբյուրներից մեկը։
Նշվում է, որ կողմերը, ամենայն հավանականությամբ, որևէ համաձայնության չեն հասնի, սակայն այն փաստը, որ նման բան է տեղի ունեցել, ընդգծում է Մերձավոր Արևելքում քաղաքականությունում փոփոխվող դինամիկան։