01/12/2016 23:24
Ընդդիմությունը ընտրություններում հաղթելու որևէ հնարավորություն չունի. Շարմազանով
Ընդդիմությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու որևէ հնարավորություն չունի, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ես թերահավատ էի, որ ամբողջական ճակատով, միասնական ուժերով կգնան: Ընդդիմությունը, եթե վաղը լինեն ընտրություններ, հաղթելու շանս չունի, ընդդիմությունն ամբողջապես միավորվելու շանս չունի, որովհետև գտնում եմ, որ Հայաստանի պառլամենտական ընտրությունների քաղաքական օրակարգի հիմնական հարցերից մեկը պետք է լինի արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև անվտանգությունն, իսկ այստեղ մեր ընդդիմադիր ուժերն ունեն տարբեր կարծիքներ», - ասաց Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի», «Քաղաքացիական պայմանագրի» ու «Հանրապետության» միջև ձեռք բերված պայմանավորվածություններին:
Է. Շարմազանովը շեշտեց՝ այդ երեք ուժերն ամբողջ ընդդիմությունը չեն, իսկ բոլորի միավորումը նա «նոնսենս» որակեց:
«Ընդդիմությունը պետք է հստակ ներկայացնի իր տեսլականը։ Իշխանությունը կանխատեսելի է, մենք նույնիսկ հայտարարել ենք, որ հաջողության դեպքում մեր վարչապետը Կարեն Կարապետյանն է լինելու: Հրանտ Բագրատյանն ասում է, որ վարչապետի պաշտոնում է իրեն տեսնում, բայց այդ ընդդիմադիր ուժերն արդյոք տեսնում են նրան վարչապետի դերում: Ամբողջական միասնական օրակարգ ունենալու համար պետք է ամբողջական միասնական ծրագիր, ես մի քաղաքական խմբակի մեջ չեմ պատկերացնում ուժերի, որ ունեն տարբեր մոտեցումներ արտաքին քաղաքականության վերաբերյալ», - ասաց նա:
Է. Շարմազանովի խոսքով՝ փորձառու շատ քաղաքական գործիչներ դեռևս սպասում են, ուսումնասիրում են դաշտը, ինչպես, օրինակ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Ի՞նչ է, դուք կարծում եք Հանրապետականի՞ն է միանալու։ Իհարկե ոչ։ Բայց ինքը սպասում է։ Քաղաքական գործիչները պետք է ամեն ինչ արդյունավետ անեն, իսկ դրա համար պետք է դա անեն ճիշտ ժամանակին», - հավելեց ՀՀԿ խոսնակը: