05/12/2016 13:22
Դեղատներում վալերյանկայի, կորվալոլի, ինսուլինի պաշարները սպառվել են. Նարիա Զոհրաբյանը՝ Ծառուկյանի վերադարձի մասին
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ շուտով պարզ կլինի, թե ինչ ֆորմատով է Գագիկ Ծառուկյանը մասնակցություն ունենալու քաղաքականությանը։
«Տեղյակ եք, որ մեր բազմահազար հայրենակիցներ, կուսակցականներ պարոն Ծառուկյանին հանդիպեցին։ Այնտեղ էինք նաև մենք և ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանը առաջիկա քաղաքական գործընթանցերին մասնակցելու է։ Ինչ ձևաչափով , ինչ ֆորմատով, ինչ կերպ՝ շատ կարճ ժամանակում պարզ կլինի», - ասաց նա։
Ն.Զոհրաբյանն ընդգծեց, որ շաբաթ օրը Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ կապված նորությունները ոչ իշխանական ուժերի մոտ միանշանակ չընդունվեցին։
«Ես սոցցանցերում հետևել եմ ոչ իշխանական ուժերին։ Հասկանում եմ, որ շաբաթ օրվանից հայկական դեղատներում վալերյանկայի, կորվալոլի, ինսուլինի բոլոր պաշարները սպառվել են։ Հասկանում եմ, որ շատ քաղաքական ուժերի, հատկապես ոչ իշխանական դաշտում, սցենարները խառնվել են, որովհետև մարդիկ արդեն նստել էին ամբողջ խորհրդարանը լեյտենանտ Շմիդտի որդիների նման բաժանել էին իրենց մեջ և Ծառուկյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն բոլորի սցենարները խառնել է։ Քաղաքական շաքարախտը շատերի մոտ բարձրացել է», - ընդգծեց նա։
Ն. Զոհրաբյանն ասաց, որ իրենց առաջարկը Գագիկ Ծառուկյանին եղել է գլխավորել ԲՀԿ-ն և հավելեց, որ այդ մասին Ծառուկյանն ինքն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։
«Մեր ցանկությունը եղել է դա, որոշելիքը Գագիկ Ծառուկյանինն է: Պնդումներն այն մասին, որ իր վերադարձը Գագիկ Ծառուկյանը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ, բացարձակ ապատեղեկատվություն է», - ասաց նա։
Պատգամավորը նաև ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադառնալու որպես ընդդիմադիր գործիչ։