05/12/2016 14:30
«Համախմբումը» մի քանի քաղաքական ուժերի հետ միավորվելու քննարկումներ է տանում. Ստեփան Մարգարյան
ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը ևս ապատեղեկատվություն է որակում հայտարարություններն այն մասին, որ «Համախմբումը» մերժել է Խաչատուր Քոքոբելյանի՝ իրենց միանալու առաջարկը։
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չի եղել, մենք փոխադարձ հարգանք ունենք միմյանց նկատմամբ, բայց պաշտոնական քննարկում իրենց հետ չի եղել։ Դա բառիս բուն իմաստով սուտ տեղեկատվություն է», - խորհրդարանում հայտարարեց պատգամավորը։
Aysor.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք կուսակցությունը բաց է բոլոր քաղաքական գործիչների հետ համագործակցության՝ Ս. Մարգարյանը պատասխանեց.
«Դա մի քիչ շատ խիստ է ասված։ Մենք անուններից ելնելով չէ, որ սահամանափակումներ կարող ենք դնել», - ասաց նա։
Վերջինս ընդգծեց, որ այս պահի դրությամբ ոչ թե մեկ, այլ մի քանի քաղաքական ուժերի հետ է տարվում քննարկումներ՝ ընդգծելով.
«Աննուներ չեմ կարող տալ, որովհետև դրանք քննարկումներ են: Կարծում եմ՝ շուտով այդ մասին կլինեն հայտարարություններ».- ասաց նա։
Պատգամավորն ընդգծեց նաև, որ արդեն իսկ միավորված «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ միավորվելու առաջարկ իրենք չեն ստացել և ոչ էլ նմանատիպ առաջարկ են ներկայացրել վերը նշված կուսակցություններին։
«Այս պահին այդ կուսակցություններին միանալու հարցը օրակարգում չունենք», - ասաց նա։