05/12/2016 15:34
ՌԴ ՊՆ-ն հաստատել է Միջերկրական ծովում Սու-33-ի կործանման մասին լուրը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հաստատել են Միջերկրական ծովում «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջքի ժամանակ ռուսական Սու-33 կործանիչի կործանման մասին լուրը: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: Օդաչուն ինքնանետվել է, նրա առողջությանը ոչինչ չի սպառնում:
«Սիրիայի երկնքում մարտական խնդիր կատարելուց հետո «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս աերոֆինիշերի ճոպանի պոկվելու պատճառով Սու-33-ը դուրս է եկել տախտակամածի սահմաններից»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնի ավիացիոն ոլորտի լրագրող Դևիդ Ցենցիոտին իր The Aviationist բլոգում հայտնել էր, որ ինքնաթիռն ընկել է վայրէջքի երկրորդ փորձի ժամանակ:
2016 թվականի նոյեմբերի 14-ին ռուսական ավիակիր խումբը Միջերկրական ծովում կորցրել է ՄիԳ-29ԿՊ կործանիչը: