09/12/2016 16:59
«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրն արձանագրում է դրական արդյունքներ
2016 թվականի դրությամբ Հայաստանում արձանագրվել է աղջիկ-տղա՝ 100:108-ի ծնելիության հարաբերակցություն, ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» (ՄԶՄԿ) համակարգող Արմեն Գալստյանը «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի երրորդ նիստին:
«Համատեղ ջանքերով արդեն հուլիսից մենք որոշակի փոփոխություններ ենք գրանցել: 2016 թվականի հուլիսին ԱՎԾ հրապարակած արդյունքների համաձայն, աղջիկ-տղա ծնելիության հարաբերակցությունը կազմում է 100:108, 2015 թվականին այն 100:114-115 էր», - ասաց Արմեն Գալստյանը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ողջունեց «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը և նշեց, որ նման լավ ցուցանիշներն ավելի պարտավորեցնող են:
«Մենք չպետք է թուլացնենք մեր գործողությունները, հետագայում ձեռք բերված հաջողությունները պահպանենք: Չեմ կարծում, որ մի օր աղջիկների ծնելիության թիվը կգերակշռի, բայց կարող ենք համատեղ ջանքերով հասնել նրան, որ ցուցանիշները հավասարվեն», - ասաց Սերգեյ Խաչատրյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանն էլ նշեց, որ միջոցառումը այն եզակիներից է, որը կարողացել է համախբել բոլոր գերատեսչություններին:
«Երբ խնդիրը բարձրաձայնվեց, առողջապահության և աշխատանքի նախարարները անմիջապես արձագանքեցին և համատեղ հրաման ստորագրեցին այդ ուղղությամբ», - ասաց Ֆ. Բերիկյանը:
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Գրեգորի Ցուիրիսը նշեց, որ խնդիրը շատ կարևոր է, և ուրախ են, որ կարողանում են աջակցել այդ նախաձեռնությանը:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) «Սթիթչինգ Սեյվ դը Չիլդրեն Նեդերլանդ» կազմակերպության («Սեյվ դը Չիլդրեն Նիդերլանդներ»), «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի (ՄԿՀԽ) և «Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեյշնըլ» կազմակերպության (ՍԴՉ) հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական օժանդակությամբ շարունակում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի իրականացումը: Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում երեխայի սեռի կանխակալ ընտրության մակարդակի նվազեցմանը։