09/12/2016 16:33
Որքանո՞վ է հեռանկարային Հայաստանում սննդի ոլորտում անկախ փորձաքննության ինստիտուտի ներդրումը
Սեպտեմբերի 29-ին կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ էր տվել համապատասխան գերատեսչություններին:
Մասնավորապես, նա նշել էր, որ Սպառողների միության ներկայացուցիչների և գործարարների հետ հանդիպման ժամանակ բավականին շատ է խոսվել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեության մասին: Դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին՝ վարչապետը հայտարարել էր. «Ձեզ հանձնարարություն. հաշվի առնելով հնչեցված մտահոգությունները և դժգոհությունները՝ ուսումնասիրել այդ հարցը՝ շեշտը դնելով նրա վրա, թե գործող լաբորատորիան պետք է լինի այդ վարչության կազմում, թե պետք է լինի անկախ: Տալ առաջարկություն»:
Հանձնարարականից անցել է ավելի քան երկու ամիս, սակայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ գործունեության կարգի հնարավոր փոփոխության մասին որևէ տեղեկություն չկա:
Թեման առավել արդիական դարձավ, երբ լաբորատորիայի նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ՍԱՊԾ կազմից դուրս գալու հնարավորությունը դրական է ընդունվել աշխատակիցների կողմից, մինչդեռ ՍԱՊԾ նորանշանակ պետ Իշխան Կարապետյանը շարունակում է կառավարել համակարգը` այն համալրելով ոլորտի հետ կապ չունեցող մարդկանցով:
Այդ հայտարարությունը նվազագույնը երկու ուղերձ կարող է պարունակել: Առաջին՝ համակարգը ոլորտի հետ կապ չունեցող մարդկանցով համալրելով՝ ՍԱՊԾ պետը փորձելու է շարունակել ազդեցություն ունենալ լաբորատորիայի աշխատանքի վրա, եթե այն դուրս բերվի ՍԱՊԾ կազմից: Երկրորդ՝ ոլորտում ոչինչ չի փոխվել և անկախ փորձաքննությունը շարունակում է պարունակել նույն ռիսկերը:
Aysor.am-ը հետամուտ է լինելու՝ պարզելու ոլորտին առնչվող զարգացումները՝ համագործակցելով պետական գերատեսչությունների և փորձագետների հետ: