10/12/2016 09:39
Եթե նման բան լինի, ես միայն կողջունեմ. Մարգարիտ Եսայանը՝ ընդդիմադիրների միավորման մասին
Հայաստանի քաղաքական դաշտում առկա ուժերը պետք է ավելի լրջորեն վերաբերեն իրենց դերակատարությանը քաղաքական դաշտում, որովհետև խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական իրողությունն այլ է լինելու, այս կարծիքին է ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը կարևորեց գալիք խորհրդարանում ընդդիմության բարձրացման դերը:
«Այսուհետ երկրի նախագահին, վարչապետին և այլ պաշտոնյաների ընտրելու է խորհրդարանը: Չեն լինելու համապետական ընտրություններ, և կարևոր է, որպեսզի քաղաքական միավորները իրենց դերակատարությունը գիտակցեն»,- ընդգծեց պատգամավորը:
Վերջինս նաև ընդգծեց, որ կասկածամտությամբ է վերաբերում խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորմանը:
«Եթե նման բան լինի, ես միայն կողջունեմ: Կարևոր է, որ նույն գաղափարները կիսող ընդդիդմադիր ուժերը միավորվեն: Կարևոր է, որ դաշտում ունենանք ոչ թե 79-80 անվանական կուսակցություն, այլ մի քանի լուրջ և խորը գաղափարական միավորումներ: Հույս ունեմ, որ դրանք տեղի կունենան խորհրդարանական ընտրություններից առաջ: Դա և՛ իրենց է պետք, և՛ մեզ, որովհետև ցանկացած պետության, ցանկացած քաղաքական ուժի համար կարևոր է, որ դիմացինը գաղափարական լինի», - ասաց նա: