15/12/2016 18:56
Լարսի անցակետի խնդրի լուծումը ռուս-վրացական քաղաքական ու դիվանագիտական շրջանակներում է. Արսեն Ղազարյան
Հայաստանը ոչինչ չի կարող անել Վերին Լարսի անցակետի հարցում, բացի միջկառավարական հանդիպումների ժամանակ Վրաստանի ղեկավարության հետ այն քննարկելուց, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ապավեն» տրանսպորտային-էքսպեդիտորական ընկերության գլխավոր տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«Հարցի կարգավորումը ռուս-վրացական քաղաքական-դիվանագիտական շրջանակներում է», - ասաց Արսեն Ղազարյանը:
Նրա խոսքով`խորհրդային տարիներին Վերին Լարսի ճանապարհը նույնիսկ տուրիստական մայրուղիների համար նախատեսված չէր ու ամեն տարվա հոկտեմբերի վերջից մինչև մարտի վերջ պաշտոնապես փակվում էր բեռնատարների համար:
«Հիմա մենք ստիպված ենք օգտվում այս ճանապարհից, որովհետև մեր հիմնական տնտեսական, արդյունաբերական մայրուղիներն անցել են կամ Ադրբեջանի տարածքով`դեպի Դաղստան կամ Աբխազիայով, բայց ոչ Լարսով: Իրոք`ամեն տարի տարբեր էտապներում, մենք ունենում ենք ձյուն, ձնաբուք: Նախանցյալ տարի դրան գումարվեց նաև ամռան ամիսներին սելավները, սարալանջի փլուզումը և ավելի կատաստրոֆիկ վիճակ էր: Այսօր հերթական ցիկլոններն են, որոնք փակել են նաև Փոթիի նավահանգիստը: Նավերը չեն կարողանում մտնեն նավահանգիստ ու պետք է գնան Բաթում», - բացատրեց Արսեն Ղազարյանը:
Նա նշեց, որ օրերս Ազգային ժողովում բավականին բովանդակալից քննարկում էր Հայաստանի ներդրումային դաշտի վերաբերյալ, որի ժամանակ իր ելույթում նա խոսել է նաև անցակետում եղած իրավիճակի մասին։
«Ելույթում ես դիմել եմ նաև մամուլին, քաղաքական գործիչներին` ընդդիմությանն ու դիմությանը, ասելով` մեր կառավարությունը ոչինչ չի կարող անել Լարսի հարցում, բացի միջկառավարական հանդիպումներում Վրաստանի ղեկավարության հետ օրակարգում սա ունենալը: Մեզ ոչինչ չի մնում` բացի աղոթքից առ Աստված, որ կարևոր պահերին գոնե անցակետը չփակվի: Եթե այս ձյունը գար օրինակ հունվարի 7-ից հետո, մենք խնդիր չէինք ունենա, որովհետև հիմնական բեռներն արդեն անցած կլինեին ու այդ ժամանակ հետտարեմուտյան անդորր է: Բայց հերթական անգամ եղավ «հայի բախտի նման»», - ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահը:
Նրա խոսքով`Լարսի խնդրի լուծումն այլընտրանքային ճանապարհ գտնելն է, ինչը ևս հանգում է ռուս-վրացական քաղաքական հարցերին:
«Հաճախ իմ շատ գործընկերներ, այդ թվում մեր միության անդամներն, ասում են` այ թող Հարավային Օսեթիայում ռուսները համաձայնեն մաքսակետ բացել ու ամեն ինչ կլուծվի։ Ճիշտ է, բայց Հարավային Օսեթիան իրեն անկախ պետություն է հռչակել, Վրաստանն էլ համարում է այն օկուպացված տարածք: Հարց` ո՞րտեղ են դնելու սահմանը, չէ՞ որ մենք՝ անկախ Արցախ ունեցող երկիր, շատ լավ հասկանում ենք, թե սա ինչ է նշանակում յուրաքանչյուր պետության, ազգի համար: Այնպես որ Լարսի հարցը Հայաստանի կիսափակված ճանապարհների խնդիրն է, ընդ որում` ոչ միայն հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևանքով, այլև` վրաց-ռուսական, վրաց-աբխազական, վրաց-օսեթական»,- ասաց Արսեն Ղազարյանը:
Նա նշեց, որ այս օրերին որպես այլընտրանք կիրառվում են լաստանավային փոխադրումները, որոնք ավելի թանկ են:
«Ես գործարարներին միշտ խորհուրդ եմ տալիս`արտահանումներն ու ներկրումները դիվերսիֆիկացնել, որպեսզի միայն այս մեկ, բարակ կենսական ճանապարհից կախված չլինենք: Նաև ինքնարժեքում հաշվի առնել, որ, հնարավոր է, Լարսը փակվի ու ավելի թանկ գնով` լաստանավերից օգտվենք: Ուրիշ ելք չկա` մնացածը քաղաքական սպեկուլյացիա է ու պոպուլիզմ», - ամփոփեց Արսեն Ղազարյանը:
«Ապավեն» տրանսպորտային-էքսպեդիտորական ընկերության գլխավոր տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ Aysor.am-ի ամբողջական հարցազրույցը կհրապարակվի դեկտեմբերի 19-ին` տեսանյութով: