21/12/2016 16:26
Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում 470 մլն ռուբլու խարդախություն է կատարվել
Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ավարտվել է Հարավային և Կենտրոնական ռազմական շրջանների պարենի ապահովման ծառայությունում ղեկավար պաշտոններ զբաղեցրած գնդապետ Դենիս Զորինի գործի հետաքննությունը, հայտնում է «Коммерсант»-ը:
Նա մեղադրվում է իր ծառայողական պարտականությունների չարաշահման ու խարդախություններ կատարելու մեջ։ Հետաքննության վարկածի համաձայն՝ գնդապետն առնչություն ունի Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայողների համար նախատեսված պարենային գնումների հետ կապված խարդախություններին։ Վնասը կազմում է մոտավորապես 470 մլն ռուբլի։ 2016թ. հունիսին 7 տարով ազատազրկվել էր Զորինի ենթադրյալ համախոհ, 102-րդ ռազմաբազայի պարենի մատակարարման ծառայության պետ Վլադիմիր Ֆիրսովը։ Զորինը, ով անցած տարվա ամառվանից պահվում է Դոնի Ռոստովի բանտում, ներկայումս ծանոթացնում է իր դեմ հարուցված քրեական գործի նյութերին։ Նրա պաշտպանությունը մի քանի անգամ միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն Զորինը նախկինի պես կալանավորված է։
Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողների պարենի չարաշահումների գործի հետաքննությունը սկսվել էր 2014թ. ամռանը։ Սկզբում քրեական գործ է հարուցվել 102-րդ ռազմաբազայի պարենի մատակարարման ծառայության պետ Վլադիմիր Ֆիրսովի նկատմամբ:
Նրան առաջադրվել է մեղադրանք՝ «խոշոր չափի խարդախության», «պաշտոնական լիազորությունները չարաշահելու» հատկանիշներով: Քննության տվյալով՝ Ֆիրսովն ապահովում էր իրավասու անձանց կողմից ակտերի ստորագրում, որոնցով անձնակազմին պարենին հանձնվում էր ուռճացված սակագներով:
Վլադիմիր Ֆիրսովն այս տարվա հունիսի 8-ին Ռոստովի կայազորային զինվորական դատարանի կողմից դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման։ Նա ընդունել էր իր մեղքը։
Վլադիմիր Ֆիրսովի ցուցմունքի համաձայն՝ ՌԴ ՊՆ գումարների յուրացման սխեմայում ներգրավված են եղել նաև Հայաստանի բնակիչներ, իսկ Զորինը ծածկել է խարդախության փաստը: