13/01/2017 15:58
Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց Վահան Շիրխանյանի բացակայության պատճառով
Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հետաձգեց Նորք Մարաշում 2015 թ. նոյեմբերին վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը, քանի որ նիստին չէր ներկայացել ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը:
Վերջինս հայտարարել էր, որ դատարան կարող է տեղափոխվել միայն պատգարակով և մասնակցել նիստերին պառկած վիճակում, մինչդեռ բժշկական տեղեկանքի համաձայն՝ Վ. Շիրխանյանի առողջությունը գնահատվել էր բավարար, ինչը թույլ էր տալիս նրան ներկա գտնվել նիստերին, մինչդեռ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն այս եզրակացությունը որակեց կեղծիք՝ պնդելով, որ նույն բժիշկը իր պաշտպանյալին նշանակել է անկողնային ռեժիմ:
Նիստը հետաձգվեց մինչև հունվարի 20-ը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015 թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում որպես զինված խմբի ղեկավար՝ ներկայացվող Արթուր Վարդանյանը, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել: