16/01/2017 12:52
Տարվում են աշխատանքներ ԵՏՄ անդամ երկրների միջև միասնական դրամական միավոր ստեղծելու ուղղությամբ. Վլադիմիր Լեպեխին
ԵՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը կարծում է, որ թեև Հայաստանը ԵՏՄ անդամակացության պայմանագիրը ստորագրեց այն ժամանակ, երբ տնտեսական առումով ՌԴ-ի համար վատ պայմաններ էին, մինչդեռ դա չի նշանակում, որ ԵՏՄ անամակացությունը կորուստներ բերեց Հայաստանին: Այս մասին Վլադիմիր Լեպեխինը հայտնեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը:
«Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցեց այն ժամանակ, երբ նավթի գինը նվազեց, ռուբլին արժեզրկվեց, մյուս կողմից էլ ՌԴ հանդեպ պատժամիջոցներ կիրառվեցին: ԵՏՄ անդամակացության արդյունքները միանագամից տեսանելի լինել չեն կարող, մինչդեռ երկարաժամկետ համագործակցության շրջանակում մի շարք ծրագրեր են ներառված, որոնք դրական ազդեցություն կունենան Հայաստանի վրա», - ասաց նա:
Անդրադառնալով ապագայում կյանքի կոչվելիք ծրագրերին՝ Վ. Լեպեխինը կարևորեց հատկապես ԵՏՄ անդամ երկրների միջև միասնական դրամական միավորի ստեղծումը: Նրա խոսքով՝ այս պահին այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում:
Վլադիմիր Լեպիխինը նաև ընդգծեց, որ ԵՏՄ ինտեգրման համար Հայաստանին չի խանգարում այն հանգամանքը, որ վերջինս չունի ընդհանուր սահման ԵՏՄ անդամ երկրների հետ:
«Տիգրան Սարգսյանը, դեռևս այն ժամանակ, երբ վարչապետ էր, անդրադարձավ այս հարցին և ասաց, որ ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին չի կարող խոչընտոդվել ընդհանուր սահմանի բացակայությամբ: Այսօր էլ իրավիճակը չի փոխվել և սահմանի բացակայությունը չի խոչընդոտում ԵՏՄ-ին ՀՀ ինտեգրմանը», - ընդգծեց նա: