20/01/2017 16:39
Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ. քննարկվել է Ղարաբաղյան հակամարտությունը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հունվարի 20-ին հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին: Կարևորվել են կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում և այդ ուղղությամբ երկու երկրների քայլերը:
Այս համատեքստում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել Ղազախստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումը, մասնավորապես, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից առաջարկված «Խաղաղություն. 21-րդ դար» մանիֆեստը, որի նպատակն է արմատախիլ անել աշխարհում առկա պատերազմները:
Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ տարածաշրջանի բոլոր երկրների համար մեծ է Ղազախստանի ներդրումը խաղաղության վերահաստատման գործում՝ Հարավային Կովկասում այսօր առկա ռազմական հռետորաբանությունը և սպառազինության մրցավազքը բացառելու համար:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը իր հերթին ափսոսանք է հայտնել տարեսկզբից սահմանում տիրող լարվածության հետևանքով տեղի ունեցած կորուստների համար և ևս մեկ անգամ վերահաստատել Ղազախստանի դիրքորոշումը՝ կարգավորել հակամարտությունը միայն բանակցային ճանապարհով:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև միջազգային համագործակցության խնդիրներին, ԵԽԽՎ առաջիկա ձմեռային նստաշրջանին, ԵԽԽՎ-ի աշխատանքների առանձնահատկություններին:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը: