20/01/2017 22:00
Ռուբիկ Հակոբյանը գլխավոր դատախազին խնդրել է իրեն զրկել անձեռնմխելիությունից
ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ դիմել ՀՀ Ազգային Ժողով, որպեսզի պատգամավորական անձեռնմխելիությունը խոչընդոտ չհանդիսանա իր վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Պատգամավորի դիմումին ի պատասխան հայտնվել է, որ նախաքննության մարմինը գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման առումով կաշկանդված չէ պատգամավորական անձեռնմխելիության հանգամանքով, իսկ անձեռնմխելիությունից պատգամավորին զրկելու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային ժողով դիմելու անհրաժեշտություն կարող է առաջանալ, եթե քրեական գործով ձեռք բերվի որպես մեղադրյալ ներգրավելու համար ապացույցների բավարար համակցություն։ Ներկա պահին նման անհրաժեշտություն չկա» , - մանրամասնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 7-ին Ռուբիկ Հակոբյանը հարվածել ու հայհոյել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին:
ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: