24/01/2017 11:00
Սենատը հաստատել է Մայք Պոմպեոյի թեկնածությունն ԱՄՆ ԿՀՎ տնօրենի պաշտոնում
ԱՄՆ Սենատը հաստատել է Մայք Պոմպեոյի թեկնածությունը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում: Նրա թեկնածության օգտին քվեարկել է 67 սենատոր, դեմ՝ 30-ը, փոխանցում է РИА Новости-ն:
1986 թվականին Պոմպեոն ավարտել է Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիան, ավելի ուշ ծառայել բանակում, իսկ հետո բիզնեսով զբաղվել՝ հիմնելով Thayer Aerospace ընկերությունը: 1994 թվականին նա Հարվարդի համալսարանի կողմից դոկտորի կոչում է ստացել:
2016 թվականի նոյեմբերին Պոմպեոն ընդունել է ԿՀՎ ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը:
Պոմպեոն սատարում է Կրեմլի հասցեին ամերիկյան հատուկ ծառայությունների հայտարարությունները, որոնց համաձայն՝ ռուսական ղեկավարությունը փորձել է ազդել ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքի վրա: