31/01/2017 17:07
Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում լուրջ շարժեր գրանցելու հույսեր և հիմքեր չկան. Տիգրան Աբրահամյան
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հայտարարել է, որ միջնորդ երկրները Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել են երկկողմ հանդիպում կազմակերպել՝ նախ ԱԳ նախարարների մակարդակով:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, թե Մոսկվան փորձում է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել, և Բաքուն իր համաձայնությունն է տվել այդ հանդիպմանը։
Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այս հնարավոր հանդիպումից, արդյո՞ք Ադրբեջանը չի տապալի այս հանդիպումը: Aysor.am-ի հետ զրույցում քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ շատ բարդ է կանխատեսել, համենայնդեպս, Մամեդյարովը փորձել է առաջ ընկել ու կասկած հայտնել հայկական կողմի դրական պատասխանի հարցում. չի բացառվում, որ Ադրբեջանն ի սկզբանե մտադրվել է տապալել հանդիպումը և հիմա դրա համար հիմք է նախապատրաստում:
«Միգուցե Ադրբեջանը հրապարակայնորեն հայտարարի, թե պատրաստ է կամ շահագրգիռ, որ հանդիպումը կայանա, սակայն դա դեռ երաշխիք չէ, որ Ադրբեջանը վերջին պահին չի ձախողի հանդիպումը: Ադրբեջանը որոշ դեպքերում նույնիսկ եղած հանդիպումներն է հերքում, այնպես որ, դժվար է հստակ ասել՝ հանդիպում կլինի՞, թե՞ ոչ», - ասաց Տ. Աբրահամյանը:
Հարցին, թե ի՞նչ օրակարգի շուրջ կողմերը պետք է հանդիպեն և արդյո՞ք հնարավորություն կա իրավիճակում տեղաշարժ գրանցելու հարցում, Տ. Աբրահամյանը նշեց. «Այս պահին օրակարգային առաջին հարցը էսկալացիա թույլ չտալն է. միջնորդները պետք է քայլեր ձեռնարկեն Ադրբեջանին բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ: Գործընթացում լուրջ շարժեր գրանցելու հույսեր և հիմքեր չկան, համենայնդեպս, հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցվող ելույթները այլ բանի մասին են խոսում»: