11/02/2017 12:13
Վահան Շիրխանյանի հետ կապված` ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ կապված, ով մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու համար, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կառավարությանը հարցեր է ուղղել։
«Կառավարությանը ժամկետ է տրված մինչև փետրվարի 22-ը, հարցերը վերաբերում են պարոն Շիրխանյանի առողջական վիճակին՝ ներկայում առողջական ի՞նչ վիճակում է գնտվում, ի՞նչ բուժումներ է ստանում ու արդյոք այդ ստացած բուժումները համարժեք են առողջական վիճակին», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Նա նշեց, որ ՄԻԵԴ-ը կառավարությանն առաջարկել է պարզաբանել այն հանգամանքը, որ չի կարողանում լոգանք ընդունել, ինքնուրույն հագնվել։
«Նաև պահանջել է կառավարության մեկնաբանությունը՝ կապված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մտադրության հետ. բավականին սուր հարցեր են, պրակտիկապես այն հարցերն են, որոնք մեր կողմից բարձրացված են եղել Եվրադատարանում», - ասաց Հ. Ալումյանը։
Փաստաբանը փոխանցեց, որ իր պաշտպանյալին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից դեռ չեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։
«Միջնորդությունը ներկայացված է, նման որոշումը կա, ինչը մեզ շատ է մտահոգում», - ասաց նա։
Հարցին՝ որևէ փոփոխություն կա՞ Վահան Շիրխանյանի առողջական վիճակում, փաստաբանը պատասխանեց. «Միայն դեպի բացասականը»։
Վահան Շիրխանյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով։