13/02/2017 11:12
Վարչապետի հանձնարարականի հետքերով. Ի՞նչ է արվել քաղաքային դպրոցների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ
2017 թվականի կառավարության առաջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին, տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին հանձնարարել էր ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները՝ ներկայացնելով առաջարկություններ երեխաների կրթական պրոցեսը համապատասխան պայմաններում կազմակերպելու վերաբերյալ:
«Երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ», - նշել էր Կ. Կարապետյանը:
Aysor.am-ը պատասխանատու մարմիններից հետաքրքրվել է՝ մինչ այժմ ինչ աշխատանքներ են իրականացվել ու ինչ առաջարկություններ են ներկայացվել ՀՀ կառավարություն։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ուսումնասիրել է քաղաքային բոլոր դպրոցների շենքային պայմանները։
«Մինչ այժմ ուսումնասիրվել է քաղաքային դպրոցների շենքային պայմանները, աշակերտների թվաքանակը, բոլոր տվյալները հավաքագրվել են, բայց այս փուլում դեռ առաջարկություն կառավարությանը չի ուղարկվել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։
Նա նշեց, որ քննարկման փուլի ավարտից հետո բոլոր առաջարկությունները կներկայացվեն ՀՀ կառավարություն։
«Քննարկվում է նաև Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի հարցը, և ես կարծում եմ, որ առաջիկայում արդեն կոնկրետ լուծումներով առաջարկ կլինի», - նշեց Ա. Արշակյանը։
Երևանի քաղաքապետարանԸ ևս ուսումնասիրել է քաղաքային բոլոր դպրոցների վիճակը։
«Դպրոցների ցանկն ուղարկվել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե։ Երկու դպրոցներ այս պահին արդեն վերանորոգվում են, լրացուցիչ այլ առաջարկ, վերակոմպլեկտավորման հետ կապված, չկա», - Aysor.am-ին փոխանցեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը։
Նա նշեց, որ համապատասխան պաշտոնական պատասխանն արդեն ուղարկվել է ՀՀ կառավարություն։
ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունից Aysor.am-ին հայտնեցին, որ վարչապետի հանձնարարականում քանի որ նշված էր՝ հարցը պետք է քննարկվի մարզպետների ու քաղաքապետի հետ, նախարարի հանձնարարությամբ տեղեկատվություն են ստացել և մարզպետարաններից, և Երևանի քաղաքապետարանից։
«Այդ ամբողջ տեղեկատվությունը մենք հավաքագրել ենք ու, քանի որ հանձնարարականի առաջին կատարողը կրթության ու գիտության նախարարությունն է, մենք ողջ տեղեկատվությունը փոխանցել ենք ԿԳՆ-ին», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց տարածքային կառավարման ու զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ մարզերից եղել են առաջարկություններ շենքային պայմանների բարելավման առումով։
«Տեղեր կա՝ պատուհանների փոխարինման առաջարկություն է եղել, տեղեր կա՝ վերակազմակերպման գործընթացի վերաբերյալ առաջարկություն է եղել, բազմապիսի են նման առաջարկությունները, բայց վերջնական արդյունքը հնարավոր կլինի քաղաքականություն իրականացնող մարմնի կողմից համապատասխան վերլուծություններից հետո», - նշեց նա։