18/02/2017 11:08
Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին Սեյրան Օհանյանի հայտարարությունն անտրամաբանական է. Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի գնահատմամբ՝ տրամաբանական չէ, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարում է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան։
«Եթե այդ հայտարարությունը լիներ իր իշխանության տարիներին, ես տրամաբանություն կտեսնեի այդտեղ, բայց այդ տարիների ընթացքում ես երբևիցե նման հայտարարություն չեմ լսել։ Ի՞նչ է նշանակում, եթե որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ կամ իշխանության ներկայացուցիչ այլևս իշխանության մեջ չէ, ուրեմն հայտնվում են քաղբանտարկյալնե՞ր։ Դա տրամաբանական չեմ համարում», - ասաց Վահրամ Բաղդասարյանը։
Դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանը քաղաքական դիվիդենտներ շահելու փո՞րձ է անում, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Մնացած եզրահանգումները թողնում եմ ձեզ»։
Մյուս դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանն ասում է, որ իշխանությունն իր դեմ արշավ է սկսել, ինքն էլ հակահարված է տալու, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Իշխանությունը նման բաներով չի զբաղվում»։
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ-ն բավարար է գնահատում ընտրություններին մասնակցող մյուս դաշինքների շանսերը: