22/02/2017 15:46
Եթե Սեյրան Օհանյանը իշխանական շրջանակներում ամենօրյա շփումներ չունի, ապա որտեղի՞ց նրան նման տեղեկություն. Զոյա Թադևոսյան
Եթե Սեյրան Օհանյանը իշխանական շրջանակներին շատ մոտ չի գտնվում կամ ամենօրյա շփումներ չունի, ապա որտեղից նրան նման տեղեկություն, եթե համարենք, որ այդ տեղեկությունը ճիշտ է, թե իրենք միակ ուժն են, որ վերահսկողությունից դուրս են, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը՝ արձագանքելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և Սամվել Բաբայանի հայտարարություններին, թե ՕՐՕ-ն միակն ուժն է, որը վերահսկողությունից դուրս է։
«Այդ տեղեկությունը միանշանակ սուտ է, հերյուրանք, ես ուրիշ քաղաքական ուժերի մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց «Հայ ազգային կոնգրեսը» երբեք գործող իշխանությունների և Սերժ Սարգսյանի հետ համագործակցության չի գնացել, երբեք չի կարող ակնկալել այդ իշխանության ողորմածությունը», - ասաց Զոյա Թադևոսյանը։։
Նա նշեց, թե իրենք միշտ էլ իրենց հայացքն ուղղել են դեպի ժողովուրդը և իրենց քվեն ակնկալում են ժողովրդից։
«Հակառակ դեպքում այն ջանքերը, որ գործադրում էր «Հայ ազգային կոնգրեսը»՝ ընտրությունները չկեղծելու ուղղությամբ, կստացվի, որ իրականացրել ենք հենց մեր դե՞մ։ Չէ՞ որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ», - ասաց ՀԱԿ ներկայացուցիչը։
Զոյա Թադևոսյանն ասաց նաև, թե իրենց գործողությունների, անցյալ տարիների ընթացքում «Հայ ազգային կոնգրես»-ի իրականացրած համառ աշխատանքի արդյունքում ձեռքբերումների ֆոնի վրա «Սեյրան Օհանյանը դուրս է գալիս ստախոս»։
Ավելի վաղ նշել էինք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքը ղեկավարող Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե իրենք միակ ուժն են, որը որ գտնվում է վերահսկողությունից դուրս, գործում է ինքնուրույն, գործում է բացառապես գաղափարներից ելնելով և գործում է ի շահ ժողովրդի։
Սամվել Բաբայանն էլ ասել էր, թե բոլոր քաղաքական ուժերն արդեն տոկոս են պայմանավորվել։