23/02/2017 16:44
Եթե տեսնեմ խախտում` կդիմեմ իրավական մարմիններին. Վիգեն Սարգսյանը Սեյրան Օհանյանի դեմ քրեական հետապնդում սկսելու հնարավորության մասին
«Չեմ կարծում, որ այս պահին կարող եմ մեկնաբանել, կա՞ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հիմք», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Լրագրողներից մեկի հարցին` արդյոք ինքը պաշտոնը ստանձնելիս ու ծանոթանալով առկա փաստաթղթերին նկատե՞լ է խախտումներ նախարարի կողմից, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Եթե տեսնեմ խախտում, անպայման կդիմեմ համապատասխան իրավական մարմիններին»:
«Ես համարում եմ, որ ցանկացած գործունեության մեջ կան ռիսկեր, որտեղ կան մեծ գործառույթներ, մեծ բյուջետային հատկացումներ` կան ավելի մեծ ռիսկեր: Ես չեմ կարծում, որ ես կարող եմ այս պահին մեկնաբանել կամ ասել, կա՞ քրեական որևէ գործի հիմք: Մենք լուծելով խնդիրները հերթով` քայլ առ քայլ, փորձում ենք արդյունավետությունները բարձրացնել հանրային միջոցների ծախսման: Կարծում եմ` դուք շատ լավ հասկանում եք, որ եթե ես տեսնեմ խախտում, որ քրեականորեն հետապնդվող է, անպայման համապատասխան իրավական մարմիններին դրա մասին կիրազեկեմ»,- ասաց Պաշտպանության նախարարը: