24/02/2017 14:50
Վահան Շիրխանյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
«Երեկ թիվ 1 կլինիկական հիվանդանոցում պարոն Շիրխանյանը «Դուպլեքս» հետազոտության ենթարկվեց, որից անմիջապես հետո որոշում կայացվեց տեղափոխել «Էրեբունի» ԲԿ՝ ստացիոնար բուժման», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Փաստաբանի խոսքով՝ հետազոտությունից հետո նոր խնդիրներ ի հայտ չեն եկել։
«Այնտեղ բոլոր այն խնդիրներն էին, որոնց մասին մենք ժամանակին ահազանգում էինք, այն խնդիրներն էին, որոնց վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը ժամանակին որոշում էր կայացրել։ Իմ կարծիքով՝ այստեղ չկա ինչ-որ մի նոր բան, միգուցե տեսել են այն, ինչ մինչև այդ չէին տեսնում կամ, միգուցե, կոնկրետ այս հետազոտությունն արվել է ավելի մանրամասն, քան մինչև այդ էր», -ասաց նա։
Հայկ Ալումյանը նշեց՝ դեռ տեղյակ չէ, որքան ժամանակ իր պաշտպանյալը կմնա քաղաքացիական հիվանդանոցում։
«Ինչքան շուտ լավանա, այնքան մենք ուղղակի ուրախ կլինենք, բայց, ամեն դեպքում, ես կարծում եմ՝ պետք է մնա այնքան, մինչև որ վերջնական լավանա», - ասաց փաստաբանը։
Նա փոխանցեց, որ ընտանիքի անդամներին թույլ չեն տալիս տեսակցել Վահան Շիրխանյանին։
Վահան Շիրխանյանը, հիշեցնենք, մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու համար. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով։