24/02/2017 12:28
Լսել եմ Միհրան Պողոսյանի կողմից մինչև 100 դոլարի հասնող ընտրակաշառքի մասին. Լևոն Զուրաբյան
Քանաքեռ-Զեյթուն ընտրատարածքում մինչև 100 դոլարի ընտրակաշառք է բաժանվում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Լսել եմ Միհրան Պողոսյանի կողմից մինչև 100 դոլարի հասնող ընտրակաշառքի մասին: Ընտրակաշառքների շուկան բարգավաճում է: Դրույքաչափերը բարձրացան», - ընդգծեց նա:
Լևոն Զուրաբյանը շեշտեց, որ նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում չկեղծել ընտրությունները: Նա, մասնավորապես, կարևորեց ցուցկաների հրապարակումը և ուղիղ հեռարձակումը:
«2000 տեղամասերից 1500-ում տեսախցիկներ կտեղադրվեն, ընդ որում, այդ 1500 տեղամասերը ծածկում են 95 տոկոսը: Սա քիչ հնարավոր է դարձնում տեղամասերում ընտրակեղծարարությունը: Բացառվելու է ուրիշի փոխարեն քվեարկելը», - նշեց նա:
Խոսելով ընտրացուցակների հրապարակումից՝ Լ.Զուրաբյանն ընդգծեց, որ ըստ ՀԱԿ-ի հաշվարկների՝ դրանց հրապարակումից հետո պարզ կդառնա, որ այս ընտրություններին ի տարբերություն նախորդների՝ 500-600 հազար քաղաքացի քիչ է քվեարկելու:
«Մեր հաշվարկներով՝ անցյալում կեղծվող 500-600 հազար ստորագրությունների խնդիրը կլուծվի: Մենք զրկել ենք իշխանություններին կես միլիոնից ավելի ձայներ կեղծելու հնարավորությունից», - ասաց նա:
Միևնույն ժամանակ Լևոն Զուրաբյանը մտահոգություն հայտնեց առ այն, որ միջինում ՀՀ քաղաքացիների 50-60 տոկոսը պատրաստ է քվեարկել ընտրակաշատքի դիմաց: