25/02/2017 14:45
ՕՐՕ ստորագրած համաձայնագիրը բաց է ՀՀ և ԼՂՀ ապագայով մտահոգ քաղաքացիների համար. Արմեն Մարտիրոսյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ընթերցեց դաշինքի համաձայնագիրը, որը ստորագրել են Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը:
«Գիտակցելով մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ նոր որակի իշխանության ձևավորումը, ընդունելով, որ հանրային կյանքի բարելավման մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության համար պետք է մի կողմ դնենք անձնական հավակնությունները և առաջնորդվել բացառապես պետական շահով, ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝ երկրում ստեղծված իրավիճակին դիմագրավելու համար անհրաժեշտ է հասարակական ու քաղաքական ուժերի լայն համախմբում, կարևորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը՝ մենք կնքում ենք դաշինքային համաձայնագիրը և դրանով մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին», - ընթերցելով համաձայնագիրը՝ ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ համաձայագիրը բաց է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ապագայով մտահոգ քաղաքացիների համար: Նրա խոսքով՝ համաձայնագրին արդեն միացել են մի շարք ՀԿ-ներ ու կուսակցություններ:
«Մենք միասին գնալու ենք դեպի ժառանգություն, համախմբում և դեպի հաղթանակ», - ասաց Արմեն Մարտիրոսյանը: