28/02/2017 13:02
Ռուսական կողմը սպասում է Լապշինի հետ հանդիպման վերաբերյալ Բաքվի պատասխանին
ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցներն ադրբեջանական կողմի պատասխանին են սպասում ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպման դիմումի կապակցությամբ: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է փաստաբան Էդուարդ Չերնինը:
«Ես նախօրեին հանդիպել եմ Ալեքսանդր Լապշինի հետ: Պահման պայմանների հետ կապված բողոքներ չկան: Ամեն ինչ կարգին է», - ասել է փաստաբանը՝ նշելով, որ դեռ ոչինչ հայտնի չէ բլոգերի գործով դատական գործընթացի սկսվելու ժամկետների մասին:
Չերնինը նաև մեկնաբանել է Բաքվում կնոջ հետ Լապշինի հնարավոր հանդիպման մասին ԶԼՄ-ի հրապարակումները: «Դա դեռ հարցականի տակ է», - ասել է զրուցակիցը:
Ավելի վաղ Բաքվում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Դենիս Ապաշկինը հայտնել է, որ հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից Լապշինի հերթական այցելությունը կկայանա համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, որի մասին ռուսական կողմն արդեն դիմել է Ադրբեջանի իշխանություններին: