28/02/2017 16:19
ՌԴ և ԱՄՆ-ն սկսել են Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստման գործընթացը
Սկսվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման գործընթացը, բայց կոնկրետ ամսաթիվ դեռ հայտնի չէ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է РИА Новости-ն:
Այդ հարցը քննարկվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջին երկկողմ հանդիպման ժամանակ՝ Բոննում:
«Բնականաբար խոսվել է նաև հարաբերություններում խնդիրների մասին, ինչպես նաև տարբեր մակարդակներում առաջիկա կապերի, այդ թվում՝ նախագահների առաջին անձնական հանդիպման նախապատրաստության մասին: Ցանկանում եմ անմիջապես ասել, որ այդ հանդիպման ամսաթվերի և վայրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, բայց դրա անցկացման պրակտիկ նախապատրաստությունը սկսված է, և այդ հաշվով կա ամերիկյան կողմի հետ փոխըմբռնում», - ասել է Ռյաբկովը՝ ելույթ ունենալով Պետդումայում:
Լավրովն ԱՄՆ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ առաջին բանակցություններն անցացրել է Բոննում G20-ի նախարարական նիստի շրջանակում: Կողմերը հանդիպումն արդյունավետ են անվանել և մտադրություն են հայտնել կարգավորել երկու երկրների միջև փոխգործակցությունը: