07/03/2017 17:24
Թարմություն նշանակում է, որ ՀՀԿ-ն իր տեղը պետք է զիջի մնացած բոլոր ուժերին. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Սեյրան Օհանյանը չի բացառում Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությունը։
«Ես մեծ հարգանք եմ տածում բոլոր այն ուժերի հանդեպ, ովքեր այսօր պայքարում են դերակատարություն ունենալ մեր կառավարման համակարգի ձևավորման մեջ, հատկապես, Գագիկ Ծառուկյանին», - Նոյեմբերյանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ իրենք ժամանակին զրուցել են, ընկերություն են արել, գնահատել են իրադրությունը։
«Մենք իրադրության ձևավորման համապատասխան պահին, իհարկե, պատրաստ ենք քննարկել ցանկացած իրավիճակ, ցանկացած որոշում ՝ համախմբվելու, բևեռ ստեղծելու, որպեսզի հասնենք հաղթանակի», - ասաց նա։
Սեյրան Օհանյանը շեշտեց՝ այսօր էլ պնդում է՝ բացառում է ՀՀԿ-ի հետ համագործակցությունը։
«Ոչ թե նրա համար, որ ուզում եմ ՀՀԿ-ի արժանիքները ցածրացնել, արդյունքն է այդպիսին. ՀՀԿ-ն այս տարիների ընթացքում առաջընթաց չի ապահովել մեր երկրի համար, թարմություն է պետք, իսկ թարմություն նշանակում է, որ ՀՀԿ-ն իր տեղը պետք է զիջի մնացած բոլոր ուժերին», - ընդգծեց Պաշտպանության նախկին նախարարը։