18/03/2017 15:33
Մարդու մահվանից մինչև 48 ժամվա ընթացքում է հնարավոր օբյեկտիվ տվյալներ ստանալ. Մասնագետը՝ «Հաց բերողի» գործով փորձաքննության մասին
Ըստ կարգի, մարդու մահանալուց 12-ից 48 ժամվա ընթացքում է միայն հնարավոր օբյեկտիվ տվյալներ ստանալ, դրանից հետո դիահերձում կատարելը նպատակահարմար չէ, Aysor.am-ի թղթակցին ասաց Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի դիահերձարանի բաժնի վարիչ Շավարշ Գևորգյանը՝ պատասխանելով հարցին, թե որքա՞ն ժամանակ է հնարավոր պահել դին՝ փորձաքննության ճշգրիտ տվյալներ ստանալու համար:
«48 ժամից հետո արդեն տեղի են ունենում փոփոխություններ, որը որոշ չափով աստիճանական կարգով սկսում է աղավաղել պատկերը: Հնարավոր է 50 ժամ հետո էլ փորձաքննություն կատարել, բայց քանի որ ներքին օրգանների հետ արդեն ձևային փոփոխություններ են կատարվում, ապա օբյեկտիվ տվյալներ դժվար է ստանալ», - ասաց Շ.Գևորգյանը:
Նրա խոսքով, եթե մարդու մոտ եղել է որևէ պաթոլոգիա, հիվանդություն, որի հետևանքով ինքը վիրահատության է ենթարկվել, ապա ներքին օրգանների փոփոխությունը ավելի արագ է կատարվում, քան հանկարծամահության դեպքում:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ մարդու մահվանից 3-5 օր հետո փորձաքննությունը հստակ տվյալներ տա, Շ.Գևորգյանը պատասխանեց. «Կարող է տալ, կարող է չտալ, նայած, թե ինչ պաթոլոգիա պետք է հայտնաբերենք մենք, որովհետև մարդու դին մշակման չի ենթարկվում և նա կարող է ավելի շուտ փոփոխությունների ենթարկվել, չնայած որ սառնարանում է պահվում»:
Նշենք, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացել է մարտի 16-ին: Նրա մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու համար տուժող կողմը պնդում է, որ հրավիրվեն միջազգային անկախ փորձագետներ, սակայն դեռ չի ապահովվել նրանց ներկայությունը: