20/03/2017 09:36
Օր օրի ես խուճապ եմ զգում իմ մրցակիցների մոտ. Տարոն Տոնոյան
Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում Հ. Յ. Դաշնակցությունից առաջադրված վիրաբույժ, արցախյան ազատամարտի մասնակից Տարոն Տոնոյանը մարզի գյուղերի բնակչության հետ հանդիպումներից գոհ է, մարդիկ շփվում են ու անկեղծ են։
Բնակչության հետ հանդիպումների ընթացքում ժամանակի մեծ մասը թեկնածուն տրամադրում է մարդկանց բացատրելուն, թե որքան արատավոր երևույթ է ընտրակաշառքը։
«Ծրագրային ելույթների ներկայացման ընթացքում ժամանակի մեծ մասը նվիրում եմ ընտրակաշառքին, բացատրում, որ դա արատավոր երևույթ է, փորձում եմ ժողովրդի մեջ մի փոքր հույս արթնացնել՝ ասելով, որ սահմանադրական բարեփոխումները լուրջ հնարավորություն են տալիս փոխել երկրի վիճակը։ Կարծում եմ հաջողություն լինելու է», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դաշնակցական թեկնածուն։
- Պարոն Տոնոյան, ասում եք, թե ընտրողների հետ հանդիպման ժամանակ ընտրակաշառքի դեմ պայքարի մասին շատ եք խոսում, շեշտում, որ դա արատավոր երևույթ է։ Այդպես եք անում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ձեր մարզում հատկապես մե՞ծ է ընտրակաշառք բաժանելու հնարավորությունը։
- Հատկապես մեր մարզում՝ չէ, կարծում եմ ամբողջ Հայաստանում է այդ ախտը տարածված քաղցկեղի նման։ Ժողովուրդը սպասում է։ Եթե առաջ գաղտնի էին բաժանում, գիշերով, հիմա չեն քաշվում, հստակ է ամեն ինչ արվում։ Բայց հիմա դեռ ցուցակագրում են։ Չգիտեմ՝ ինչ կանեն։
- Ո՞ր ճամբարից են ցուցակագրում ընտրակաշառք բաժանելու համար։
- Բոլոր ճամբարներից։ Ես ընդհանուր եմ ասում։ Բոլորն էլ խոստանում են։ Բայց ես մարդկանց ասել եմ, որ պարտադիր չէ ինձ ընտրեն, թող ընտրեն իրենց սրտի կամոք, բայց թող ընտրեն առանց ընտրակաշառքի, առանց ճնշումների, առանց «փարոսից» կտրվելու վախի, առանց դպրոցի դիրեկտորի ազդեցության։ Վաղը մենք այս ժողովրդով երկիրը պետք է պաշտպանենք, իսկ ճորտ ժողովուրդը չի կարող երկիր պաշտպանել։
- Ստացվո՞ւմ է համոզել ժողովրդին, հաշվի առնելով այն, որ մարդիկ իրենց սոցիալական պայմաններից ելնելով այդուհանդերձ սպասում են այդ գումարին։
- Ճիշտ եք, սպասում են։ Բայց ես կարծում եմ, որ հնարավոր է փոխել։ Ի վերջո, ընտրակաշառքը նորություն չի, սա էլ արդեն որերորդ ընտրությունն է, որ գումարով է լինում։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ ժողովրդի մեջ գիտակցված զանգված կա, ովքեր մտահոգ են, ովքեր կարող են ճիշտ ընտրություն կատարել։ Ես ժոովրդի այդ հատվածի հետ եմ իմ հույսերը կապել։
- Աշտարակում մարդիկ Ձեր մասին ասում էին «մուժիկ տղա» է, ասում էին, շատ հարգում են, բայց նաև նշում էին, որ գլխավոր հակառակորդները, հատկապես իշխանական ճամբարից, խոշոր գումարներ են կենտրոնացրել։
- Գիտեք՝ ինչ, օր օրի ես խուճապ եմ զգում իմ մրցակիցների մոտ։ Քանի որ արձագանքները իմ հետ կապված ավելի շատանում են, բնականաբար, իմ մրցակիցների մոտ խուճապ է առաջանում, ես այդ ինֆորմացիաները ստանում եմ իրենց շտաբներից։ Ինչի՞ ուրիշների մասին չեն խոսում, միայն իմ մասին են խոսում, որովհետև ինձանից են ավելի շատ վտանգ տեսնում։ Մրցակից են համարում ինձ։ Ես վստահ եմ, որ լավ է լինելու, ոչ թե ես պատգամավոր եմ դառնալու և լավ է լինելու, այլ իմ՝ պատգամավոր դառնալով ժողովրդի մեջ պետք է հույս արթնանա, որ մենք ապագա ունենք։
- Վախենո՞ւմ են ...
- Չէ, ի՞նչ վախ, ես վիրաբույժ մարդ եմ (ծիծաղում է - Aysor.am), իրենք ինձ շատ լուրջ մրցակից են համարում։ Եթե ես չեմ անցնելու, ուրեմն ինչո՞ւ են այդպես անհանգստանում։ Ինչո՞ւ չեն անհանգստանում 63 թեկնածուներից մյուսների մասով, այլ հենց իմ համար։
- Հանրապետական կուսակցությունի՞ց են Ձեզ մրցակից համարում, թե «Ծառուկյան» դաշինքից։
- Նրանք գլխավորները չեն, քանի որ ամեն օր ընտրություններից առաջ այստեղ բան է փոխվում։ Հենց հիմա իմ պայքարի մեջ էլ էլի իրավիճակներ են փոխվում, դրա համար դժվար է ասել, թե ոնց կլինի։ Պարզ ասեմ ձեզ՝ ես չեմ ուզում անուններ տալ։ Իմաստ չեմ տեսնում դրա մեջ։ Ես անում եմ այն, ինչ պետք է անեմ։ Չեմ զբաղվում մի բանով, որ որևէ բան ինձ չի տալու, բացի ժամանակ ծախսելուց։ Ես միևնույնն է, իմ քայլերն անում եմ։ Ես մարդկանց ասում եմ՝ ես կայացած վիրաբույժ եմ և այստեղ եկել եմ փակելու միջակների ճանապարհը։ Ես ուզում եմ իմ չափով իմ հայրենիքին այսպես ծառայություն մատուցել։
- Պարոն Տոնոյան, այս ընտրակարգը, երբ կուսակցությունները ներկայացրել են իրենց տարածքային թեկնածուներին, չե՞ք նմանեցնում մեծամասնական ընտրակարգին։ Դուք այդ ընտրակարգով նաև մասնակցել եք նախորդ ընտրություններին։
- Գիտեք՝ ինչ։ Մեծամասնականին նման է, բայց այստեղ կա նաև թիմային աշխատանք։ Կոնկրետ Դաշնակցության թիմից Արագածոտնի մարզում յոթն են։ Եթե ճիշտ կառուցվի թիմային աշխատանքը, որ միմյանց միջև հիվանդագին բնույթ չկրի պայքարը, կարծում եմ՝ լավ կլինի։ Դա դժվար է կարգավորելը, որովհետև խիստ գաղափարական պետք է լինեն մարդիկ, որ հասկանան, որ էական չէ, ինքն է անցնում, թե իր կուսակցության որևէ անդամ։ Կարծում եմ՝ Դաշնակցության մեր թիմի մոտ դա հաջողվում է անել, որովհետև մեր միջև գզվռտոց չկա։ Դա հաստատ էդպես է։ Ճիշտ է, Սահմանադրական բարեփոխումների դրոշակակիրը Դաշնակցությունն է եղել, բայց էս ընտրակարգով չէինք ուզում, որ լիներ։ Սա մեզ համար կոմպրոմիսային տարբերակ էր։ Մենք հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգ էինք ուզում։ Հաջորդը, կարծում եմ, այդպես է լինելու, կտեսնեք։