21/03/2017 10:56
Հայաստանում արվում է հնարավորը՝ չեզոքացնելու Ադրբեջանի ու Թուրքիայի բացասական քարոզչության ազդեցությունը (Տեսանյութ)
Հայաստանի տեղեկատվական միջավայրն առանձնահատուկ է այն առումով, որ գտնվում է հարևաններ Թուրքիայի ու Ադրբեջանի բացասական քարոզչության, հակահայկական նախաձեռնությունների թիրախում։ Այդ մասին այսօր «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» խորագրով WCFDavos/Yerevan ֆորումին հայտարարեց Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) նախագահ Արա Սաղաթելյանը։
«Մեր հարևանները հնարավորություն չեն ստեղծում, որ մեր մասնագիտական միջավայրը հանգիստ զբաղվի առօրյա աշխատանքով։ Հայաստանը մշտապես գտնվում է Ադրբեջանի ու Թուրքիայի բացասական քարոզչության, հակահայկական նախաձեռնությունների թիրախում», - նշեց Ա.Սաղաթելյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանում արվում է ամեն հնարավորը նվազեցնելու տեղեկատվական հոսքերի բացասական ազդեցությունը հասարակության վրա։
Ասոցիացիայի նախագահը շեշտեց, որ Հայաստանում խոսքի ազատությունը գերագույն արժեք է:
«Բոլորիս համար խոսքի ու մամուլի ազատությունը ու դրանց շարունակական զարգացումը այն արժեքներն են, որոնք առաջնային են ժողովրդավարական գործընթացների համատեքստում։ Բոլորս ձգտում ենք, որ այդ ազդեցությունը զարգանա ու դառնա մեր կյանքի անբաժանելի մաս», - նկատեց Ա. Սաղաթելյանը։
Երևանում այսօր մեկնարկել է WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը, որը կազմակերպվել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Asociation) համատեղ ջանքերով։