23/03/2017 12:15
Հարցում. Մակրոնը կհաղթի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենից վերստին առաջ է անցել Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում: Այս մասին վկայում են Harris Interactive ընկերության անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակել Է Reuters գործակալությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Հետազոտության տվյալների համաձայն՝ Մակրոնն առաջին փուլում Մարին լե Պենից գերազանցում Է 1 տոկոսային կետով (26 տոկոս՝ 25 տոկոսի դիմաց): Հարցումը ցույց է տվել, որ ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը նույնպես հաղթանակ կտանի Լե Պենի նկատմամբ (65 տոկոս՝ 35 տոկոսի դիմաց):
Հարցումն անցկացվել է մարտի 21-22-ին: Դրան մասնակցել է 6383 մարդ:
Ֆրանսիայում նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով ապրիլի 23-ին և մայիս 7-ին: