28/03/2017 23:57
Տղա եք, մի տվեք տարածքները. Լևոն Տեր-Պետրոսյան
Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում տարածքների վերադարձի հարցը ոչ մեզանից է կախված, ոչ Ադրբեջանից, «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նրա խոսքով, տարածքների գրավման, ուժի կիրառման անթույլատրելիությունը արձանագրված է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հիմնարար փաստաթղթերով, ինչը հայկական կողմը պարտավոր է իրականացնել։
«Եթե կամավոր, մեր համաձայնությամբ չանենք դա, ապա մի օր ուղղակի սանկցիաներով են մեզանից հողերը տանելու։ Չեն խնայելու։ Դա անթույլատրելի է։ Մենք ինչ է, ձեռնո՞ց ենք նետում միջազգային հանրությանը։ Հայաստանը այն երկիրն է, որը կարող է ձեռնոց նետե՞լ։ Ծնկի՞ ենք բերելու ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին», - նկատեց Տեր-Պետրոսյանը։
«Դա անխուսափելի է։ Չկա էդպիսի բան։ Չեն կարող պահել այդ տարածքները, անգամ եթե Բաքուն գրավենք։ Կապիտուլյացիայի ենթարկեն։ Միևնույնն է, աշխարհը մեզ թույլ չի տա։ Հիշեք Սադամ Հուսեյնին։ Տարածքների հարցում ես ուրիշ ասելիք չունեմ։ Մի տվեք։ Տղա եք, մի տվեք տարածքները, բան չունեմ ասելու», - ընդգծեց առաջին նախագահը։
«Բայց այս ազգը մեղք է։ Մեղք է։ Ի՞նչ եք տալու մեր ժողովրդին դրա դիմաց։ Մեր ժողովրդին տալու ես արյուն, իր որդիների մահը, տալու ես չքավորություն, թշվառություն, պանդխտություն, վերջանալու է այս երկիրը։ Այսինքն՝ ես եղա չուզողը հա՞ այդ հողերի։ Կամ որևէ նորմալ մարդ։ Իհարկե, կուզեի։ Բայց մենք պետք է հեքիաթներով պետություն կառուցե՞նք։ Հեքիաթը քիչ է, դա արկածախնդրություն է։ Իսկական դավաճանները, իսկական ազգակործանները հենց այդ մարդիկ են, «ոչմիթիզհողականները»։ Թող ճանաչի մեր ժողովուրդը՝ ով ասեց ոչ մի թիզ հող, հենց նա է այս ազգի գերեզմանափորը, այս ազգի կործանողը», - հայտարարեց Լ.Տեր-Պետրոսյանը։