04/04/2017 15:55
Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Սամվել Բաբայանի բողոքը
Վերաքննիչ քրեական գործերով դատարանը վարույթ է ընդունել ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբանի վերաքննիչ բողոքը՝ Բաբայանի կալանավորումը անհիմն համարելու մասին։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել է իրենց բողոքը, սակայն նիստի օրվա և ժամի մասին ծանուցում դեռ չունեն։
«Սպասում ենք», - ասաց փաստաբանը։
Ավելի վաղ փաստաբանն Aysor.am-ին ասել էր, որ Վերաքննիչ դատարանին ներկայացրած բողոքում պնդել է, որ Սամվել Բաբայանին կալանավորելու համար չկան հիմնավոր կասկածներ, և առաջին ատյանի ընդունած որոշումը անհիմն է։
Հիշեցնենք՝ Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է երեք անձ, որոնցից հայտնի են միայն երկուսը՝ Սամվել Բաբայանը և նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը:
Նրանց բոլորին առաջադրվել է միևնույն մեղադրանքը՝ ՀՀ Քրեական օրենսգրիք 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» և 235.1. հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը»: