06/04/2017 09:55
Աղմկոտ ապտակ ստացան ՕՐՕ-ն և Լևոն Տեր-Պետրոսյանը. «168 ժամ»
«Սպասելի էր Հանրապետական կուսակցության վստահ հաղթանակը, սպասելի էր Ծառուկյանի լավ արդյունքը, որից հետո արդեն որոշակի հարցեր էին առաջանում՝ կհաղթահարեին արդյոք անհրաժեշտ շեմը Հայ հեղափոխական դաշնակցությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը, և արդյոք կկարողանային հաղթահարել շեմը «Ելք» դաշինքը և ՕՐՕ-ն», - այս մասին «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կորելովը՝ անդրադառնալով ՀՀ-ում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին:
Ըստ նրա՝ այս ընտրություններում աղմկահարույց ապտակ ստացան ՕՐՕ-ն և Լևոն Տեր-Պետրոսյանը: «Իհարկե, աղմկահարույց ապտակ ստացավ ՕՐՕ-ն, լուրջ ապտակ ստացավ Լևոն Տեր-Պետրոսյանը: Փաստորեն, անցան Դաշնակցությունը և «ԵԼՔ»-ը. ՀՅԴ-ն, ենթադրաբար, կոալիցիա կկազմի Հանրապետական կուսակցության հետ: Ես չէի սպասում «Ելք»-ի մուտքն Ազգային ժողով, դա էլ իմ թերությունն է: Ներկայում, կարծում եմ, որ կոալիցիա կկազմվի, այս ուժերը կմտնեն խորհրդարան, և ամեն ինչ նախկինի նման կլինի», - ասել է նա:
Նա, ի դեպ, ոչ մի էական փոփոխություն չի կանխատեսում նոր խորհրդարանի աշխատանքում, որովհետև, նրա խոսքով, խորհրդարանում, ըստ էության, նորեկ ուժ է լինելու «ԵԼՔ»-ը, որի անդամներից ոմանք ներգրավված են եղել 5-րդ գումարման ԱԺ աշխատանքներում, այսինքն լինելու է միայն մի քանի նոր դեմք:
«Այսուհետ ևս հայ-ռուսական հարաբերությունները զարգանալու են իրենց բնականոն հունով, փոփոխությունների պատճառ չեմ տեսնում», - ասել է նա: