06/04/2017 10:12
«Ծառուկյան» դաշինքի ցուցակը, հնարավոր է, մնա անփոփոխ. «168 ժամ»
Ծառուկյան» դաշինքի՝ խորհրդարան անցած պատգամավորների ցուցակը, ըստ երևույթին, կպահպանվի այնպիսին, ինչպիսին կա: «168 ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է դաշինքի անդամ Վարդան Բոստանջյանը՝ նշելով, որ դաշինքում այդ հարցի շուրջ դեռևս քննարկում չի եղել:
«Քննարկում չի եղել, թե ովքեր են ուզում խորհրդարանում լինել, ցուցակը՝ թե ռեյտինգային, թե համամասնական, այս պահին այնպիսին է, ինչպիսին բոլորը գիտեն: Դեռևս չի եղել քննարկում, երևի չի էլ լինի, ու այդ ցուցակը կպահպանվի», - ասել է Վ. Բոստանջյանը:
Թերթի այն հարցը, թե «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում ընդդիմադիր, թե այլընտրանք է լինելու, Բոստանջյանին զայրացրել է. «Ես հո երեխա չեմ, որ կատակի վերածեք մեր խոսակցությունը: Գնացեք միամիտներին, խեղճուկրակներին, տարաբախտներին հարցրեք: Այլընտրանք, դուք նման բան գիտե՞ք, դուք լսո՞ւմ եք, ինձ ինչ եք հարցնում»:
Թերթի դիտարկմանը, որ այդ տերմինը մենք չենք սկսել գործածել իրենց ուժի վերաբերյալ, Վ. Բոստանջյանը պատասխանեց, որ ամեն դեպքում իրեն չի կարելի նման հարցեր տալ, այդ հարցերը պետք է տալ նրանց, ովքեր «լեզվական սայթաքում ունեն»:
Հարցին էլ, թե ինչպես եք վերաբերվում նրան, որ «Ելք» դաշինքի անդամներն ասում են, որ իրենք են միակ գործող ընդդիմությունը խորհրդարանում, Վ. Բոստանջյանը այսպես է պատասխանել. «Ես նման հայտարարություններ հակված չեմ մեկնաբանելու: Եթե անգամ դա այդպես էլ լիներ, «Ելք»-ը նման բան չպետք է ասեր: Այսինքն` ինչ է, Դաշնակցությունը վա՞տ կուսակցություն է, «Բարգավաճ»-ը վա՞տ կուսակցություն է, իրենք են աշխարհի ամենալավը: Նման բան չի լինում: Ինչպե՞ս կարող է պատահել, որ 3 հոգի աշխարհի ամենալավը լինեն»: