06/04/2017 14:40
Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած մոտ 450 ուսանող ստացավ ուսման վարձի զեղչ
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից արժանացան ուսման վարձի փոխհատուցման, տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Երեկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշել է, որ սա Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ ուսման վարձի փոխհատուցման հերթական ծրագիրն է, որն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ` կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։
«Մենք այս ծրագիրն իրականացնում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով։ 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում մարտական հերթապահության մեջ ընդգրկված մոտ 450 զինծառայողներ, որոնք բուհերի կողմից ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՊՆ համատեղ ծրագրի շրջանակներում կստանան լրացուցիչ 20 տոկոս զեղչ»,- ասել է Կարեն Ավագյանը։
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն էլ կարևորելով ծրագիրը՝ ընդգծել է.
«Խոսքը միայն ուսման վարձի փոխհատուցման մասին չէ։ Խոսքը մեր երկրի համար կարևորագույն սկզբունքների պահպանմանն է վերաբերում։ Մարդիկ, որոնք զենքը ձեռքին կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ և այժմ վերադարձել են ուսանողական նստարանին, պետք է շարունակեն իրենց առաքելությունը։ Պաշտպանության նախարարը մի մեծ գաղափար է շրջանառության մեջ դրել՝ մեկ ազգ, մեկ բանակ։ Դա խորը գաղափար է, և մենք իրավունք չունենք այն թողնել միայն ձևի մեջ, այն պետք է հարստացվի նաև բովանդակությամբ։ Բոլորը պետք է իմանան, որ մեր խաղաղության տեսակը միայն հաղթական է լինելու»։
Հանդիպմանը մասնակցող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր շնորհակալությունն է հայտնել մարտական հերթապահություն իրականացրած բոլոր ուսանողներին, որոնք ստացան հավաստագրեր։
«Այս հավաստագրերը վկայությունն են, որ ապրիլյան բավականին ծանր մարտահրավերի օրերին դուք ծառայության բերումով հայտնվեցիք շատ թեժ կետերում, որտեղ մեր երկրի արժանապատվության, մեր ժողովրդի ապագայի, մեր անվտանգության կարևորագույն խնդիրներն էին լուծվում», - ասել է պաշտպանության նախարարը՝ նշելով, որ ապրիլը մեզ համար շատ կարևոր և մեծ դաս էր, որի շրջանակում ևս մեկ անգամ վերլուծվել են մեր ուժեղ և թույլ կողմերը, մեր առաջիկա անելիքները, ծրագրվեց աշխատանք, որը չափազանց կարևոր է մեր երկրի անվտանգության ապահովման համար։ Մյուս կողմից, ըստ նախարարի, ապրիլը դարձավ մեր միասնության խորհրդանիշը։
Վիգեն Սարգսյանը հանդիպման ընթացքում նշել է, որ առաջիկա շաբաթներին մտադիր է հանդիպումների շարք անցկացնել բուհերում, որպեսզի ավելի մանրամասն անդրադառնա ազգ-բանակ գաղափարախոսությանը և մանրամասնի, թե ինչ քայլեր են նախատեսվում առաջիկայում այդ գաղափարախոսությունը կյանքի կոչելու համար։