06/04/2017 14:09
Մոսկվայի և Բրյուսելի միջև կա փոխըմբռնում. Հայաստանն ազատ է համագործակցել ցանկացած ձևաչափով. Թաթուլ Մանասերյան
ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի բանակցություններն ավարտված են: Ակնկալվում է մոտ ապագայում ստորագրել համագործակցության վերջնական փաստաթուղթը: ՀՀ-ԵՄ միջև ձևավորվող նոր հարաբերությունների մասին Aysor.am-ը զրուցել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ:
- Պարոն Մանասերյան, շրջանակային նոր համաձայնագիրն արդեն նախաստորագրված է: Ինչպիսի՞ փոփոխությունների են ենթարկվել ՀՀ-ԵՄ հարաբերությունները:
- 2012 թվականին Հայաստանը արդեն բավարարել էր ԵՄ-ի կողմից առաջադրված պահանջները և պատրաստ էր նախաստորագրել այդ համաձայնագիրը: Մեզ համար արհեստական երկընտրանք էր՝ Մոսկվա կամ Բրյուսել, բայց հիմա մենք հաղթահարել ենք այս երկընտրանքը: Հիմա Մոսկվայի և Բրյուսելի միջև կա փոխըմբռնում, ուստի Հայաստանն ազատ է համագործակցել ցանկացած ձևաչափով: Այդ տեսանկյունից մեզ համար ԵՄ-ի հետ համագործակցության նոր հեռանկարներ են բացվում: Կարելի է առանձնացնել «Խորը և համապարփակ ազատ առևտրի» համաձայնագիրը, որը Հայաստանի տնտեսության համար կարևոր է: Համեմատության համար ասեմ, որ արդեն երկրորդ տասնամյակն է Թուրքիան այդ ամենից օգտվում է և ԵՄ-ն ողողված է թուրքական ապրանքներով, իսկ մինչ այս Հայաստանի համար արտոնյալ պայմաններ էին GSP և GSP+ համակարգերը:
- Համաձայնագրում հաշվի են առնված նաև ՀՀ-ԵՏՄ համագործակցության ասպեկտները, բայց մինչ համաձայնագրի նախաստորագրումը կային պնդումներ, որ ԵՄ-ն փորձում է նվազեցնել Ռուսաստանի դերը տարածաշրջանում:
- Ես կարծում եմ, որ նման մտավախություն չկա ու չի կարող լինել, որովհետև Ռուսաստանն ինքն է բավական ակտիվ գործունեություն ծավալում ԵՄ անդամ երկրների հետ: Կան նաև քաղաքական ու պատժամիջոցների հետ կապված խնդիրներ: ԵՄ-ն, գիտակցելով, որ կորցնում է բավական լուրջ աշխատատեղեր հենց պատժամիջոցների պատճառով, ավելի մեղմացրել է իրավիճակը և կարծում եմ, հատկապես ներդրողների համար ռուսական շուկան շատ երանելի շուկա է՝ հաշվի առնելով շահութաբերության մակարդակը:
- Հնարավո՞ր է, որ Հայաստանի միջոցով ԵՏՄ անդամ այլ երկրների համար հնարավորություն ստեղծվի ԵՄ-ի հետ համագործակցելու:
- Իհարկե, բազմաթիվ երկների համար սա դերակատարություն կարող է ունենալ: Իրանը ևս բավական լուրջ գործոն է դառնում ոչ միայն տարածաշրջանում, այլ՝ համաշխարհային տնտեսության մեջ: Բացի այդ, ձեռնտու է, որպեսզի Իրանին կապող օղակը լինի Հայաստանը, և ՀՀ-ն արդեն հավանություն է ստացել ԵՏՄ երկների ղեկավարների կողմից ազատ տնտեսական գոտի ստեղծելու, ինչը, միանշանակ, կամուրջ է ԵՄ-ի և Իրանի միջև, որից Հայաստանը պետք է առավելագույն օգուտներ քաղի: