06/04/2017 18:56
Թայլանդի թագավորը երկրի նոր սահմանադրություն է ստորագրել
Թայլանդի թագավոր Մահա Վաթչիրալոնհքոնը (Ռամա 10-րդ) ստորագրել է երկրի նոր սահմանադրությունը, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Reuters-ին:
Հաղորդվում է, որ Թայլանդի նոր սահմանադրության ստորագրման հանդիսավոր արարողությունը հեռարձակվել է ամբողջ երկրում: Սա կարևոր քայլ է երկրում համընդհանուր ընտրություններ անցկացնելու համար, նշել է գործակալությունը:
Ավելի վաղ երկրի փոխվարչապետը հայտնել էր, որ Թայլանդի խորհրդարանական համընդհանուր ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի փետրվարին՝ 2014-ի ռազմական հեղաշրջման օրից ի վեր առաջին անգամ:
Թայլանդում զինվորականները իշխանության են եկել 2014 թվականի մայիսին՝ բազմամյա քաղաքական հակամարտությունից հետո ազգային հաշտեցման կարգախոսներով պետական հեղաշրջում իրականացնելուց հետո: Այդ ժամանակ ընդունվել էր ժամանակավոր սահմանադրություն: