06/04/2017 18:40
Թուրքիա. Սիրիական Իդլիբում քիմիական զենք է կիրառվել
Սիրիայի Իդլիբ նահանգի բնակիչների աճյունների դիահերձումն ապացուցել է քիմիական զենքի կիրառման փաստը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Դիահերձումը ցույց է տվել, որ Իդլիբում քիմիական զենք է կիրառվել», - ասել է նախարարը:
Երեքշաբթի առավոտյան Սիրիայի Խան-Շեյխուն քաղաքում ավելի քան 7 տասնյակ մարդ է զոհվել ռմբակոծության հետևանքով: Զոհերի մեծ մասի մոտ եղել են ծանր քիմիական թունավորման ախտանիշներ:
30 տուժածներ տեղափոխվել են հարևան Թուրքիա, որտեղ նրանցից 3-ը մահացել է:
Սիրիացի զինվորականները հերքում են քիմիական զենքի կիրառումը՝ պնդելով, որ տեղի ունցածի պատասխանատուն «Ալ-Քաիդայի» հետ կապված «Հայյաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեչական խմբավորումն է: Ռուս զինվորականների տվյալներով՝ սիրիական ավիացիայի հարվածն ուղղված է եղել պահեստին, որտեղ գրոհայինները քիմիական զենք են պահել: