06/04/2017 15:42
«Ծառուկյան» դաշինքից ես ինձ քաղաքապետի թեկնածու տեսնում եմ. Լյուդմիլա Սարգսյան
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի կազմում ընդգրկվելու և մասնակցելու իր որոշումը վերակազմյալ ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը ճիշտ է համարում:
«Ես միշտ եղել եմ «Ծառուկյան» դաշինքի համակիրը: Մեր համագործակցությունը երկար տարիների փորձ ունի և կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ դաշինքի հետ մասնակցությունը: Հետևաբար, ստացել եմ առաջարկ և ընդունել եմ այդ առաջարկը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը:
- «Ծառուկյան» դաշինքի՞ համակիրն եք, թե՞ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության:
- Բնականաբար, ես ԲՀԿ-ի հետ եմ համագործակցել և ընտրությունների ժամանակ համակրում էի «Ծառուկյան» դաշինքին: Հիմա, կարծում եմ, տարբերությունը մեծ չէ:
- Համակրում էիք, բայց դուք, այդուհանդերձ, խորհրդարանական ընտրություններում չընդգրկվեցիք այդ դաշինքի կազմում:
- Դե, հիմա, գիտեք՝ ինչ. ակնկալում ենք մեկ բան, հետո ստացվում է մեկ այլ բան: Ես դրա բացատրությունը չունեմ: Բայց կարծում եմ, որ՝ այո, ինչպես նախկինում եմ արտահայտվել, խնդիրը ՍԴՀԿ-ի մեջ էր, և հիմա որևէ խանգարող բան չկա, որ շարունակենք մեր արդյունավետ համագործակցությունը:
- Խորհրդարանական ընտրությունները տարբերվում են Երևանի ավագանու ընտրություններից:
- Ես ինքս շատ լավ հասկանում եմ՝ ինչ է խորհրդարանական ընտրությունը, և ինչ է ավագանու ընտրությունը, բայց, ամեն դեպքում, դա ևս տարբերակ է քաղաքական դաշտում, Երևանի ավագանու անդամ լինելով՝ և՛ դերակատարությունդ պահպանես, և՛ կարողանաս օգտակար լինել Երևան քաղաքին: Չմոռանանք, որ Երևանը հանրապետության կեսն է: Այնպես որ ես ինձ տեսնում եմ նաև որպես ավագանի: Սարսափելի բան չկա: Տեսեք՝ ինչքան քաղաքական ուժեր մասնակցեցին ընտրություններին և ինչքան մարդ մնաց խորհրդարանից դուրս: Մի քանի օր առաջ առիթ ունեցանք տեսնելու, թե ինչքան մարդ խորհրդարան չի մտնելու: Իմ հաշվարկով 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների 70 տոկոսը այս Ազգային ժողովում ներկայացված չի լինելու, հետևաբար որևէ ողբերգություն դրա մեջ չեմ տեսնում:
- Այսինքն՝ Ձեր քաղաքական ապագան տեսնում եք Երևանի ավագանիո՞ւմ:
- Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում: Եթե խորհրդարանում ընդգրկված չեմ, ինձ խորհրդարանի մեջ տեսնե՞մ:
- Իսկ դուք ինչպե՞ս եք գնահատում «Ծառուկյան» դաշինքի հնարավորությունները Երևանի ավագանու ընտրություններում:
- Փայլուն: Ես կարծում եմ, որ ընտրություններից շատ ժամանակ չի անցել, և մարդիկ, ովքեր կողմնորոշվել էին հօգուտ «Ծառուկյան» դաշինքի, Երևանի ավագանու ընտրություններում նույնպես իրենց ձայնը տալու են «Ծառուկյան» դաշինքին: Կարծում եմ, դրանք բավականին պատկառելի ձայներ են, որը հնարավորություն կտա «Ծառուկյան» դաշինքին Երևանի ավագանու կազմում մեծ ընդգրկվածություն ունենալ:
- Տիկին Սարգսյան, իսկ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն Երևանի քաղաքապետի պաշտոնի համար ո՞վ է:
- Ես որևէ հանդիպում չեմ ունեցել դեռ: Եղել է առաջարկ, որը ես ընդունել եմ: Բայց որևէ հանդիպում, որևէ քննարկում այդ մասին դեռ չի եղել, և ես տեղյակ չեմ, թե ով է լինելու քաղաքապետի թեկնածուն:
- Լավ, դուք ո՞ւմ եք տեսնում «Ծառուկյան» դաշինքից քաղաքապետի թեկնածու:
- Չեմ կարող ասել, որովհետև կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կան բավական ազդեցիկ մարդիկ, որոնք կարող էին առաջինը լինել համարում: Ես մեծ հաշվով ինձ էլ եմ տեսնում, բայց ես կուսակցության անդամ չեմ:
- Ոչ կուսակցության անդամը չի՞ կարող լինել քաղաքապետի թեկնածու:
- Ես ասացի, որ քննարկում չի եղել, որևէ բան այդ մասին չեմ կարող ասել, բայց ես գտնում եմ, որ կլինեն արժանի մարդիկ: Ես ինձ էլ եմ տեսնում այդ արժանիների մեջ, որը բավականին մեծ ճանապարհ է անցել, և, վերջին հաշվով, կարող եմ լինել 2-րդը, 3-րդը, առաջինը:
- Այսինքն՝ եթե առաջարկ լինի ղեկավարել դաշինքի ցուցակը, կընդունե՞ք առաջարկը:
- Ես վստահ եմ մի բանում՝ կարծում եմ՝ կլինեմ անցողիկ ցուցակում: Ավել ոչինչ չեմ կարող ասել: