06/04/2017 15:12
Սպառողների իրավունքներն ավելի կամրապնդվեն և կհստակեցվեն
ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի իրավական կարգավորման շրջանակում ընդունվել է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը, որով վերանայվել են պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողի (գնորդի) իրավունքը: Մասնավորապես, հստակեցվել են վերադարձման կամ փոխարինման ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքներին ներկայացվող պահանջները:
Ըստ այդմ՝ հստակ սահմանվել է պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում սպառողի վերադարձնելու իրավունքը: Նմանօրինակ ապրանքներով փոխարինման ոչ ենթակա պատճաշ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկի հետ կապված իրավական ակտերի հստակեցման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այսպիսով՝ որոշումը կնպաստի սպառողների իրավունքներն ավելի ամրապնդելուն և հստակեցնելուն:
Կառավարության որոշմամբ հաստատվել է էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված էլեկտրոնային ձևով գնումների կատարման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված: Միաժամանակ հաշվի առնելով, որ ներկայումս հնարավոր է ընդլայնել էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով կազմակերպվող գնումների շրջանակը, որոշմամբ նախատեսվում է նաև օրենքի իմաստով պատվիրատու հանդիսացող պետության կամ քաղաքային համայնքների կամ պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամների կամ ձևավորված միավորումների (միությունները) և պետական ոչ առևտրային կամ պետության՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով վերակազմավորված հիմնադրամների կողմից իրականացվող գնումները ևս իրականացնել էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով: