06/04/2017 12:18
Միայն Սյունիքի մարզում չէ, որ ճանապարհները վատ են. Վահան Մարտիրոսյան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո անդրադառնալով վարչապետի մտքին, թե կառավարությունն այսուհետ արտակարգ ռեժիմով է աշխատելու, ասաց, որ բնական փոփոխություններ են լինելու։
«Պետք է աշխատենք, որ առաջին հերթին մարդիկ դա զգան իրենց վրա», - ասաց նախարարը։
Անդրադառնալով որոշ մարզերում ճանապարհների անմխիթար վիճակին, մասնավորապես՝ Սյունիքի մարզի, տրանսպորտի նախարարն ասաց. «Այդ ճանապարհին պետք է հիմնանորոգում կատարվի։ Հիմա ինչ որ կատարվում է, դա կամ միջին նորոգում է, կամ՝ուղղակի փոսալցում։ Դրա համար էլ ճանապարհը հին է, հիմքերն արդեն թուլացել են, հիմնանորագման ծրագրեր պետք է լինեն»։
Նախարարն ասաց, որ ծրագրերն արդեն ներկայացվել են, ֆինանսական միջոցների առկայության դեպքում արդեն աշխատանքները կլինեն։
Վահան Մարտիրոսյանն ասաց, որ միայն Սյունիքի մարզում չէ, որ ճանապարհները վատ են, շատ ճանապարհներ կան վատ վիճակում։